Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա:
Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ: Կարևորելով քննիչների գիտելիքների և մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը՝ Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ վերապատրաստման գործընթացը ներկա փուլում համարվում է Քննչական կոմիտեի բարեփոխումների ռազմավարական ծրագրերի գերակա ուղղություններից մեկը:
Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ կառույցում մեծ տեղ է հատկացվում գիտելիքահենք աշխատանքին, և ընդգծել, որ ինչպես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ քննիչների` Ակադեմիայիում ուսումնառության ժամանակահատվածը ևս պետք է արդյունավետորեն նպաստի վերջիններիս մասնագիտական որակների առավել բարելավմանը:
Ա. Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ Ա.Այվազյանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վարչական շենքում, ծանոթացել հաստատության աշխատանքային պայմաններին:
Ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահն իր շնորհակալությունն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, բարձր է գնահատել Արդարադատության ակադեմիայի դերն ու հնարավորությունները, որոնք մեծապես կարող են նպաստել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև՝ ապագայում համանման պաշտոն զբաղեցնելու պատրաստակամություն ունեցող անձանց տեսական ու գործնական` համակողմանի գիտելիքներ մատուցելուն, ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետներ ձևավորելուն:
Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս. Առաքելյանին պարգևատրել է Կոմիտեի խորհրդանշական հուշանվերով՝ ժամացույցով:
Ամփոփելով այցելության արդյունքները՝ ՔԿ նախագահը վստահություն է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն առաջիկայում ունենալու է առավել ընդգրկուն ուղղություններ: