ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-14:00-ը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Ավելի վաղ
հայտնել էինք՝ 77 տարեկանում մահացել է Վահե Շահվերդյանը:
Վերջին տարիներին նա վերադարձել և ղեկավարում էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որտեղից սկսել էր մասնագիտական գործունեությունը:
1996-2008 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։
Աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում։
Ութսունից ավելի բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում, արժանացել միջազգային փառատոների մրցանակների։ Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է Չեխովի «Երեք քույրը»:
Ինքնատիպ աշխատանքներ են նաև Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները», Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։ Պարգևատրվել է «Մովսես Խորենացի», կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների, ԵՊՀ ոսկե մեդալներով: 2006 և 2013 թվականներին արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին:
1989 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2003-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2016-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:
Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: