Սոչիում ավարտվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ բանակցությունները: Ինչպես հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից, Վլադիմիր Պուտինը, հանդիպման արդյունքներով, նշել է.
«Մենք այսօր բանակցությունների երեք փուլ անցկացրինք. նախ` հայկական պատվիրակության հետ, հետո դեմառդեմ զրուցեցինք ՀՀ վարչապետի հետ, ապա հանդիպում ունեցանք Ադրբեջանի պատվիրակության, հետո` նախագահի հետ, իսկ վերջում` երկու ժամ կամ գուցե մի քիչ ավել, զրուցեցինք երեքով: Մեր ընդհանուր կարծիքով` սա շատ օգտակար հանդիպում էր: Այն, ըստ իս, շատ լավ միջավայր ստեղծեց որոշ սկզբունքային հարցերում ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար:
Այսօր մենք համատեղ հայտարարություն ենք համաձայնեցրել: Պետք է անկեղծորեն ասեմ՝ ամեն հարցում չէ, որ կարողացել ենք համաձայնության գալ, որոշ բաներ ստիպված էինք հանել նախապես փորձագիտական մակարդակում մշակված տեքստից: Այդուհանդերձ, ես համամիտ եմ ընդհանուր գնահատականի հետ, որ այս հանդիպումն օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում ընդհանուր իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար:
Ընդ որում՝ երբ ես ասում եմ` «ընդհանուր», նկատի ունեմ և ոչ վաղ անցյալի ընթացիկ իրադարձությունները, նաև երկու տարի առաջ տեղի ունեցածը: Ամեն դեպքում, մենք այն ժամանակ կարողացանք պայմանավորվածության հասնել սկզբունքային հարցերի շուրջ, այսօրվա երկխոսությունը վերահաստատում է, որ մենք կարող ենք պայմանավորվել նաև մեր բոլոր երկրների ապագայի շուրջ:
Երբ ասում եմ՝ «մեր բոլոր երկրները», նկատի ունեմ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված են այս տարածքում ապրող բոլոր ժողովուրդները: Ռուսաստանն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի հասնենք վերջնական և համապարփակ կարգավորման»,- ասել է նա` նշելով, որ պայմանավորվածության համաձայն` այս երկխոսությունը կշարունակվի, ինչպես նաև կշարունակվի այն լուծումների փնտրտուքը, որ անհրաժեշտ են այս` երկար ձգվող հակամարտությանը վերջ դնելու համար: