Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Նրա խոսքով՝ դեռ խնդիրներ կան, որոնք կքննարկվեն Սոչիում: Ռուդենկոն հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում մի շարք հարցերում առաջընթաց կգրանցվի:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային, միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հավելել, որ օտարների ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը. Թեհրանը դեմ է նրանց ներկայությանը:
Իրանը Կովկասում հակասությունների լուծումը տեսնում է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի շրջանակներում և շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման համար: «Մենք տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված ենք համարում, Ադրբեջանի անվտանգությունը տարածաշրջանի և Իրանի անվտանգությունն ենք համարում»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը:
Բայրամովը Աբդոլլահիանին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի արդյունքները ներկայացնելու և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն աջակցելու Իրանի ջանքերի համար: Նա նույնպես դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար ուժերի տեղակայմանը և շեշտել տարածաշրջանային, այդ թվում՝ «3+3» մեխանիզմի շրջանակներում համագործակցության շարունակման և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու անհրաժեշտությունը:
«ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ» ՎՏԱՆԳՎԱԾ Է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուկրաինական սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի բոլոր կողմերին կոչ է արել վերադառնալ դրա իրականացմանը: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը նույնպես Ռուսաստանին կոչ է արել չեղարկել համաձայնագրից դուրս գալու իր որոշումը: Բորելի խոսքով՝ Ռուսաստանի որոշումը վտանգի է ենթարկում համաշխարհային պարենային ճգնաժամը լուծելու հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հիմնական ուղին:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան, հաշվի առնելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա, անորոշ ժամանակով կասեցնում է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սևծովյան նախաձեռնության իրականացումը։
Թեմային անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Մոսկվային համաշխարհային պարենային ճգնաժամի սրման համար: «Ռուսաստանի ղեկավարությունն ավելի շատ շահագրգռված է պարենային ճգնաժամի սրմամբ, քան ստորագրված փաստաթղթերի իրագործմամբ. դա պատասխանն է բոլոր նրանց, ովքեր խոսում են Ռուսաստանի հետ բանակցությունների մասին»,- հայտարարել էր Զելենսկին։
Գործարքի միջնորդ Թուրքիան հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար նոր բանակցություններ է նախաձեռնել:
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ. ԼԱՎՐՈՎ
Մոսկվան պատրաստ է բանակցելու Կիևի հետ: Ռուսաստանի արտգործնախարարը հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարության բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: «Ռուսաստանի նախագահի բանակցելու պատրաստակամությունը մնում է անփոփոխ. իրատեսական առաջարկների դեպքում մեր արձագանքը չի ուշանա»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԼՈՒԼԱ ԴԱ ՍԻԼՎԱՆ
Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի նախկին նախագահ, Սոցիալիստական աշխատավորական կուսակցության թեկնածու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Նա երրորդ անգամ կգլխավորի հարավամերիկյան հանրապետությունը. նա հավաքել է ձայների 50,9%-ը, երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն ստացել է ձայների 49,1%-ը։ Քվեարկությանը մասնակցել են 156.4 մլն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից 118,55 միլիոնը: 77-ամյա Լուլա դա Սիլվան առաջին անգամ Բրազիլիայի նախագահի պաշտոնն ստանձնել է 2002 թվականին, հետո վերընտրվել է 2006-ին։
Նրա նախագահության տարիներին Բրազիլիան մարել է 1980-ականներից ձևավորված արտաքին պարտքը և ձեռք է բերել ներդրումների համար հուսալի երկրի կարգավիճակ։ 2008 թ. Լուլա դա Սիլվան ազատազրկվել էր բրազիլական շինարարական ընկերությունից կաշառք ստանալու մեղադրանքով։ 580 օր բանտում անցկացնելուց հետո նրա դատավճիռը չեղարկվել էր, և Սիլվան վերադարձել էր քաղաքական դաշտ։
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամուրջի փլուզման հետևանքով ավելի քան 120 մարդ է զոհվել: Մորբի քաղաքի ոստիկանապետը հայտարարել է, որ որոնողական աշխատանքների շարունակում են: Ավելի քան 140 տարի առաջ կառուցված կամուրջը, որն անցնում էր Մաչու ամբարտակի վրայով, վերջին երկու տարում փակ է եղել և վերաբացվել է հոկտեմբերի 26-ին՝ յոթ ամիս տևած վերանորոգումից հետո։ Փլուզման պահին կամրջի վրա եղել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
Փլուզման հետևանքով ավելի քան 350 հոգի հայտնվել է ջրում. 100 մարդ համարվում է անհետ կորած։
Հնդկական լրատվամիջոցների համաձայն՝ կամրջի վերակառուցումը իրականացվել է մասնավոր կազմակերպության կողմից, այն բացվել է առանց համապատասխան թույլտվության: