Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկում, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, «Արթիկի բժշկական կենտրոնի» տնօրենի ուղեկցությամբ Նազելի Բաղդասարյանը շրջել է բժշկական կենտրոնում, հետևել և ծանոթացել աշխատանքներին։
Բուժհաստատությունն ունի 25 մահճակալ , որից 15-ը վիրաբուժական են, 10-ը՝ սոմատիկ, 7 նեղ մասնագիտական և 4 դիսպանսեր կաբինետ։ Հիվանդանոցն այս պահին աշխատում է 85 տոկոս ծանրաբեռնվածությամբ։
Մարզպետը հետաքրքրվել է հիվանդանոցի վճարովի ծառայությունների մատուցման ցուցանիշներով: Բուժհաստատության տնօրենը տեղեկացրել է, որ մինչ օրս մատուցվել է շուրջ 55 մլն դրամի ծառայություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 11 մլն դրամով։
«Մեզ համար կարևոր նախապայմանը բնակչության բուժսպասարկման որակն է, հատկապես մարզկենտրոնից դուրս նրանց լիարժեք սպասարկումը, ամեն ինչ պետք է անենք առաջնային բուժսպասարկման որակն ապահովելու, մեր քաղաքացիների հոգսերը թեթևացնելու համար»,- շրջայցի ժամանակ նշել է մարզպետը։
Նազելի Բաղդասարյանը եղել է նաև Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, որտեղ իրականացվում է Արթիկի տարածաշրջանի ծննդատնային և մանկական հիվանդությունների բուժօգնությունը, գործում է կանանց կոնսուլտացիա: Մարզպետը շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքներին։
Հանդիպումների ժամանակ մարզպետն անդրադարձել է Կառավարության առողջապահության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերին, տեղեկացրել է նաև, որ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Արթիկի բժշկական կենտրոնն ընդգրկվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում ծրագրում։
Համայնքի ավագանին որոշում է կայացրել 1.5 հա մակերեսով տարածք տրամադրել կառուցվելիք բժշկական կենտրոնին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել նորոգել և լուսավորել բուժկենտրոն տանող ճանապարհները:
Մարզպետարանից տեղեկացնում են, որ Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: