ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի է ունեցել հունիսի 7-ին շրջանառության մեջ դրված «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացումը` նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նամականիշի ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմային նվիրված նամականիշի անվանական արժեքը 290 ՀՀ դրամ է: Նամականիշի վրա պատկերված են սպիտակ աղավնիներ, տարբեր երկրների դրոշներ և Երկիր մոլորակը, «ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ» և «ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն, ինչպես նաև ՄԱԿ-ի լտարբերանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստի» հետ ավելի վաղ հայտարարել էր «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման մրցույթ, որը նախատեսված էր աշակերտների և արվեստի ոլորտի ուսանողների համար:
Նամականիշների պատկերազարդման մրցույթի հաղթող է ճանաչվել ուսանող Մարիա Պետրոսյանը, որի ներկայացրած դիզայնով տպագրվել է նամականիշը:
«ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նվերներ են ստացել մրցույթի առաջին ութ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ ուսանողներ Աննա Պողոսյանը, Պայծառ Մալխասյանը և աշակերտներ Վիկտորյա Մելքոնյանը, Նորայր Հարությունյանը, Լիաննա Պետրոսյանը, Գրիգոր Սեդրակյանը, Էլեն Քյոռողլյանը, Նարեկ Ենոքյանը: