Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի նախագիծը գտնվում է վերջնական ամբողջացման փուլում: Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Ըստ նրա՝ նոր նախարարության կառուցվածքի հիմքում ընկած են լինելու ոստիկանությունը, փրկարար և միգրացիոն ծառայությունները:
«ՆԳՆ-ի ձևավորումից հետո իրականացվելու են ոստիկանության կառուցվածքի և գործառույթների արմատական փոփոխություններ: Նախատեսվում է ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձևավորել ոստիկանության գվարդիա»,- ասաց Ֆիդանյանը:
Ոստիկանության գվարդիային նախատեսվում է վերապահել հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանության ու հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների ուղեկցումը և այլն: