ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը հետաքրքրվեց՝ որքա՞ն է Կենտրոնական բանկը հաջորդ տարի Հայաստանում կանխատեսում տնտեսական աճը:
«Կենտրոնական բանկն այս տարվա համար 12,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ մյուս տարվա համար կանխատեսում ենք 4,5 տոկոս: Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է. մենք ակնկալում ենք 4,5 տոկոսի շրջանակում, որովհետև այս տարվա աճն է բավականին բարձր եղել»,- ասաց ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանը նշեց, որ 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության և մրցակցության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը:
«Տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների սահմանված ժամկետներում և ծրագրված համամասնություններով իրականացումից, ինչպես նաև ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղության միջոցառումների ամբողջական կատարումից»,- ասաց ԿԲ նախագահը:
Նա հավելեց, որ 2023 թ. ևս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը՝ միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ: