«Հայաստան-Սփյուռք» երկխոսությունը վերականգնելու համար 50 երկրից 600 պատվիրակ Երևանում է՝ քննարկելու, թե ինչպես կարող է նպաստել Հայաստանի անվտանգության երաշխավորմանը, տնտեսության և այլ ոլորտների զարգացմանը: Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցում են աշխարհով մեկ սփռված ու հաջողած լավագույն հայերը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ տեղական ու միջազգային ընկերություններից բազմաթիվ առաջարկություններ են ստացել:
Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Մարդիկ կան, որ պատրաստ են, պատրաստակամ են, ունեն հնարավորությունը, բայց չեն հասկանում, թե որտեղ է իրենց տեղը, կամ որտեղ են այն բացերը, որոնք առաջնայնորեն պահանջում են միջամտություն Սփյուռքի կողմից կամ օգնություն Սփյուռքի կողմից, և այս գագաթնաժողովը ձևերից մեկն է, որպեսզի մենք կարողանանք իրենց ներկայացնել այսօրվա մեր իրականությունը, որովհետև Սփյուռքում մեր իրականությունը ներկայացվում է շատ աղավաղված ձևով:
Կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին նախարարներ Վահրամ Դումանյանը, Անահիտ Ավանեսյանն ու Նարեկ Մկրտչյանը: Գերատեսչությունների ղեկավարները արձանագրեցին՝ կարևորը, որ Հայաստանը պետք է վերցնի Սփյուռքից, փորձառությունն ու գիտելիքն է:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք մեկտեղենք մեր ուժերը, մեր գաղափարները և հասկանանք, թե ինչ ավելի լավ գաղափարներ կան, ինչ ավելի լավ մոտեցումներ կան, որ մենք կարող ենք համադրել, մեկտեղել և ունենալ ավելի լավ լուծումներ, և, առհասարակ, սա ևս մեկ լավ առիթ է, որպեսզի մենք ներկայացնենք Սփյուռքին, թե իրականում ինչ է ներկայացվում, ինչ է իրականացվում ՀՀ-ում կոնկրետ սոցիալական աշխատանքի պաշտպանության և աշխատանքի ոլորտում:
Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սիսիան Պողոսյանը Սփյուռքի հետ ճիշտ և արդյունավետ աշխատելու լավագույն տարբերակն իր օրինակն է համարում: Նա 2021 թվականին Կանադայից «Ի գործ» ծրագրով տեղափոխվեց Հայաստան, աշխատեց պետական համակարգում և մեկ տարի անց նշանակվեց կարևոր պաշտոնի: Ասում է՝ Սփյուռքում ապրող ցանկացած հայ, եթե մտածի, որ Հայաստանում անելիք ունի, ապա մեր երկրում շատ բան կարող է փոխվել:
Սիսիան Պօղոսեան (Զբոսաշրջության կոմիտեի նախագահ) - Սփյուռքում մենք բավականին հետաքրքիր գաղափարներ ունենք, մտքեր ունենք, որ մենք կարող ենք իսկապես իրականացնենք Հայաստանում և նույնպես պետք է մենք ստեղծենք հատուկ պահեր, որ Սփյուռքը կարողանա վերադառնա Հայաստան էդ պրոյեկտներն իրականացնելու համար:
Գերմանական Cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնյանսը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում մեծ պոտենցիալ է տեսնում: Ասում է՝ այն ճիշտ իրացնելու դեպքում մեր երկիրը կարող է ոչ թե վերցնողի, այլ փոխանցողի դերում լինել: Անդոնյանսի խոսքով՝ Հայաստանի ու Սփյուռքի միջև անջրպետ չկա և չի կարող լինել: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը հետպատերազմյան իրավիճակում իրականության հետ առերեսվելու խնդիր ունի:
Վահե Անդոնյանս (Cognaize ընկերության հիմնադիր, Գերմանիա) - Իրականության մեջ մենք չենք հայտնվել, մենք ինքներս ենք չափով որոշումներ կայացրել, որ մեզ բերել է այստեղ, ու կարևոր ա, որ դրա մասին մարդ խոսի, սխալները հասկանա, ճիշտ որոշումներ կայացնի ապագայի համար և ավելի լավ ու ավելի պայծառ ճանապարհով գնա:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը պարբերական դարձնելու, երկու տարին մեկ անցկացնելու մտադրություն կա: Երկրորդը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին: