ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 76.2 միլիարդ դրամ: 2022 թվականին այն կազմում էր 66.6 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկմանը նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Կապիտալ ծախսերը հիմնականում ներառում են 4 մարզերի` Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի պարեկային ծառայության գործունեությանն անհրաժեշտ տրանսպորտային միջոցների, սարքերի, սարքավորումների, սպառազինության, շենքերի, շինությունների կառուցման և կապիտալ նորոգման գծով ծախսերը»,-ասաց Ֆիդանյանը:
Ֆիդանյանը նաև տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվար ամսին պարեկային ստորաբաժանումներ կձևավորվեն նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում:
«Ոստիկանության կրթահամալիրում արդեն մեկնարկել են նշված 4 մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմած անձանց ուսումնական գործընթացը: Ուսուցում է անցնում պարեկի 615 թեկնածու, որոնցից 302-ը նախկին քաղաքացիական անձինք են, 313-ը` ոստիկանության ծառայողներ»,- ասաց նա: