2023-ին Կառավարությունը նախատեսում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, ինչպես գործադիրի հնգամյա ծրագրում է թիրախավորված` խորհրդարանում շեշտեց նախարար Խաչատրյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Կապիտալ ծախսերը 2023-ի բյուջեով լինելու են էապես աճող՝ այս նպատակով 548 միլիարդ է հատկացված, 49 տոկոսով ավելի, քան 22-ին է: Ըստ Խաչատրյանի՝ դրանց 3/4-րդն ուղղվելու է պաշտպանական և անվտանգային այլ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - 2023 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները և հասնելու են ՀՆԱ-ի 5 տոկոսին:
Զգալի են լինելու նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը՝ դրանք 10 տոկոսով կգերազանցեն 22-ի ցուցանիշը՝ կազմելով 648 միլիարդ դրամ: Կրթությանը կհատկացվի 209, առողջապահությանը՝ 149 միլիարդ դրամ: Գլխավոր ֆինանսիստը նաև նշեց՝ 23-ի պետական բյուջեով 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում էլ կտրամադրվի Արցախին:
Տիգրան Խաչատրյան - Եթե եկող տարվա ընթացքում 144 միլիարդ նախատեսված, բայց ընթացքում խնդիրներ ի հայտ գալու դեպքում Հայաստանի Կառավարությունը լրացուցիչ կքննարկի և համապատասխան լուծումներ կտա դրանց:
23-ը նախարարի գնահատմամբ կուղեկցվի հարկային եկամուտների զգալի՝ մոտ 23 տոկոս աճով, այս կետով բյուջեի մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ՝ նշեց նա: Հաջորդ տարվա համար կարևոր կետ է մնալու պարտքի կառավարումն ու դրա նվազեցումը՝ նշեց Խաչատրյանը, թիրախ է սահմանվել՝ պարտք/ՀՆԱ 50 տոկոսը չգերազանցող հարաբերակցությունը:
Տիգրան Խաչատրյան - Նկատեք, որ 2022-ի նկատմամբ 60.3 տոկոսից, գրեթե 10 տոկոսային կետով նվազումը մեծապես երկու գործոնով է պայմանավորված. առաջին՝ որ այս տարի ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսել էինք տարեսկզբին, և երկրորդ պատճառը դրամի արժևորումն է եղել, որը թույլ է տվել, որ 2022-ի համար կանխատեսենք, որը և պետք է շարունակի նվազման միտումներ արձանագրի եկող տարվա ընթացքում:
Ի տարբերություն Կառավարության՝ 23-ի համար Կենտրոնական բանկի կանխատեսումներն ավելի զգուշավոր են: Մարտին Գալստյանը, ներկայացնելով գլխավոր դրամատան տեսակետը, նշեց.
Մարտին Գալստյան (ՀՀ կենտրոնական բանկի նախագահ) - Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է: Մենք ակնկալում ենք 4.5 տոկոսի չափով, որովհետև այս տարվա աճն է բավականին բարձր եղել:
ԿԲ-ի վերջին կանխատեսմամբ, սակայն, 22-ը կփակվի 12.9 տոկոս տնտեսական աճով: Գալստյանն անդրադարձավ նաև գնաճին, ասաց՝ ձգտելու են հաջորդ տարի հասնել թիրախային կետին՝ մեղմելով գնաճը: Մոտ 16.5 միլիոն դրամ էլ 2023-ին կստանա արտակարգ իրավիճակների նախարարությունը: 22-ի համեմատ 2 միլիարդ դրամ ավելի բյուջեն, ըստ նախարարի առաջին տեղակալի, կուղղվի աշխատավարձերի բարձրացմանը: Հաջորդ տարի կթարմացվի նաև փրկարար ծառայության հրշեջ մեքենաների պարկը: 15 ստորաբաժանման համար 49 նոր մեքենա կգնվի: Պատասխանելով Անդրանիկ Քոչարյանին հարցին էլ՝ Գրիգորյանը նշեց՝ «Սուրմալուի» փորձը հաշվի առնելով՝ այժմ նոր փաթեթ են պատրաստում:
Արտյուշ Գրիգորյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ) - Կառավարության հանձնարարությամբ ԱԻՆ-ն այս պահին մշակում է հրավտանգ նյութերի լիցենզավորման համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում հրավտանգ նյութերի ողջ գործունեությունը՝ ներկրում, արտադրություն, պահեստավորում, իրացում և այլն, ըստ էության, այս գործընթացի ճնշող մեծամասնությունը դառնալու է լիցենզավորված գործունեություն, և վերահսկողության տակ է գտնվելու ողջ շարժը հրդեհավտանգ նյութերի՝ համապատասխան մարմինների կողմից:
Հաջորդ տարվա ոստիկանության բյուջեն էլ 76.2 միլիարդ դրամ է կազմելու՝ 9.6 միլիարդով ավելի, քան 22-ին: Փոխոստիկանապետի խոսքով՝ հաջոդ տարի կավարտվի ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրումը, իսկ Գեղարքունիքի ստորաբաժանման կազմում 23-ի սեպտեմբերից կգործի ջրային պարեկային ծառայությունը:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Ըստ տեսլականի՝ նշված ծառայությունն ապահովելու է լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի պահպանություն, օպերատիվ արձագանքելու է իրավախախտումներին և պատահարներին, ինչպես նաև լճի վրա ջրային պարեկությամբ իրականացնելու է ապօրինի ձկնորսության, որսի դեպքերի կանխարգելում, բացահայտում և այլն:
615 ապագա պարեկ այս պահին ուսումնական պրոցեսի մեջ է, նրանք հունվարից կհամալրեն Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի ու Գեղարքունիքի պարեկային կազմը: 23-ը համակարգի համար լինելու է նաև վերակազմավորման տարի, ձևավորվելու է ներքին գործերի նախարարությունը՝ ոստիկանության, փրկարար ու միգրացիոն ծառայությունների միավորմամբ: Ֆիդանյանը նաև ընթացիկ տարվա ցուցանիշներին անդրադարձավ, ասաց՝ 9 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 11.669 անձի: Մոտ 50 տոկոսով աճել է նաև տրամադրվող կենսաչափական անձնագրերի քանակը: Բյուջետային քննարկման առաջին օրվա վերջին նիստն արդեն դռնփակ անցավ՝ օրակարգում ԱԱԾ-ին ու ՊՆ-ին վերաբերող հարցերն էին: