Այս տարի զգալի աճ ունենք դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման տեսանկյունից: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ շեշտելով, որ սա զգալի դրական ազդեցություն ունի Հայաստանի ներկա տնտեսական ակտիվության վրա:
«Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կամ ժամանակավորապես Հայաստանում գտնվող մարդկանց քանակը զգալիորեն ավելացել է այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով: Նախորդ տարվա նկատմամբ 2 անգամ աճ է արձանագրվել:
Զուտ դրամական փոխանցումները ևս զգալի աճ են արձանագրել՝ մոտ 50 տոկոսով: Եթե 8 ամիսների կտրվածքով համեմատելու լինենք և հաշվի առնենք, որ դրանք շարունակում են ավելի բարձր տեմպերով աճել, ապա պետք է առանձնացնել որպես տնտեսական զարգացումների տեսանկյունից առավել կարևոր երրորդ գործոնը»,- ասաց նախարարը:
Ըստ Խաչատրյանի՝ ծառայություններն են շարունակում մնալ բարձր տնտեսական ակտիվության հիմնական գործոնը:
Նշենք, որ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով:
2022 թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6%-ով, իսկ 2022 թ. առաջին ինը ամիսներին` 14.1%-ով: