Իսրայելցիները պատրաստվում են 4 տարվա ընթացքում հինգերորդ անգամ ընտրել Կնեսեթ։ Պատճառը Յաիր Լապիդի և Նաֆթալի Բենետի գլխավորած իշխող խմբակցության կողմից խորհրդարանի ցրումն է։
Աննախադեպ քաղաքական դաշինքը, որը իշխանությունից հեռացրեց Բենիամին Նեթանյահուին, տևեց ոչ ավելի, քան մեկուկես տարի։ Իսրայելի բնակչությունը, որն արդեն սովոր է ապրել քաղաքական անկայունության ու անորոշության պայմաններում, մեծ հույսեր չի կապում հաջորդ ընտրությունների հետ։
Վերջին հարցումների համաձայն՝ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը Կնեսեթում անհրաժեշտ 61 մանդատից կստանա մոտ 30-ը։ Եվ, ամենայն հավանականությամբ, հենց նրան կհանձնարարվի կառավարություն ձևավորել, իսկ դրա համար շաբաթների, նույնիսկ ամիսների բանակցություններ կպահանջվեն։
Եթե Նեթանյահուն ձախողվի, հնարավոր է այդ առաքելությունը վստահեն ներկա վարչապետ Յաիր Լապիդին, որը, ըստ հարցումների, իր «Եշ Ատիդ» կուսակցության հետ զբաղեցնում է երկրորդ տեղը։
Մեծամասնության կառավարության բացակայության դեպքում Իսրայելին նոր ընտրություններ են սպասում։
Երկրի պաշտպանության բանակը պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմ կսահմանի Իսրայելում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ: Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։