Արևելքից մինչև արևմուտք, հյուսիսից մինչև հարավ. համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի մասնակիցների աշխարհագրությունը մեծ է: Հայաստան եկած մեր հայրենակիցներն արդեն չորրորդ օրն է՝ քննարկում են, թե ինչպես զարգացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Մարգարիտա Բաղդասարյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական) - Առաջին մեր գոլը, մեր նպատակն այն էր, որ տարբեր համայնքներից մարդիկ կարողանան խոսել, բանակցել, միավորվել և քննարկել այս բոլոր հարցերը, և հասկանանք, թե ինչպես են ներգրավվում Սփյուռքը Հայաստանի աճի համար, և ինչ պետք է անի Հայաստանը Սփյուռքի համար:
«Հայագիտությունը, բարձրագույն կրթությունը և ռեսուրսների մոբիլիզացիան» պանելային քննարկմանը մասնակցում էր նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրենը: Ռազմիկ Փանոսյանի խոսքով՝ Սփյուռքը դժվարին իրավիճակներում միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին: Ըստ նրա՝ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում անելիքներ շատ կան, և այս գագաթնաժողովը հնարավորություն է՝ հասկանալու՝ ինչպես, ինչ միջոցներով լուծել ազգային խնդիրները:
Ռազմիկ Փանոսյան («Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն) - Պետք չէ մոռնանք, որ Սփյուռքը պետք է ինքն իր վրա ջանք թափե, ինքն իր վրա ներդրումներ անի, ինքնությունը և հաստատությունները ամրապնդե, զարգացնե, որպեսզի հայ մնա արտասահմանի մեջ: Չմոռնաք, որ մեր ժողովրդին 2/3-ը արտասահմանին մեջ կապրի, Սփյուռքին մեջ կապրի, և ադ Սփյուռքը պետք է պահել և պահպանել: Այսինքն՝ Սփյուռքի նայվածքի մեկ մասը պետք է Հայաստան ըլլա, մեկ մասը՝ դեպի պետականություն:
Զուգահեռ ընթացող պանելային քննարկումներից մեկում էլ մտքեր էին փոխանակվում՝ ինչպես աջակցել երիտասարդական կազմակերպություններին և հզորացնել կապը հայրենիքի հետ: ԱՄՆ համահայկական ուսանողական ասոցիացիայի նախագահը կարծիք հայտնեց, որ հատկապես Միացյալ Նահանգներում միասնականության պակաս կա: Մհեր Հարությունյանի խոսքով՝ հայկական կազմակերպություններն այնտեղ կղզիացած վիճակում են:
Մհեր Հարությունյան (ԱՄՆ համահայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ) - Այս միասնականության պակասը համ էլ խոչընդոտում է ակտիվ գործակցությունը համ Հայաստանի և Արցախի հետ: Այս գագաթնաժողովը շատ կարևոր հարթակ է, շատ կարևոր պլատֆորմ է, որ մենք կարող ենք այդ խնդիրները բարձրաձայնենք և իրար հետ գտնենք լուծումները, որովհետև մենք առանց միավորվելու մեր ընդհանուր խնդիրները չենք կարողանալու լուծենք:
Հայկ Խանամիրյան («Սփյուռքի երիտասարդ դեսպան-2021» ծրագրի Նիդերլանդների ներկայացուցիչ) - Պահի հրատապությունը, որ մենք պետք ա համախմբվենք, ինձ թվում է՝ այս տեսակի միջոցառումները ամրապնդում են էն կապերը, որ գոյություն ունեն, և ստեղծում են հնարավորություններ նոր կապեր հաստատելու, որ մենք մեր մեծ գաղափարները, որ ունենք, կարողանանք էֆեկտիվ ի գործի դնենք:
Քննարկման թեմա դարձավ նաև Սփյուռքի դպրոցներում հայերենի ու հայկական մշակույթի դասավանդման առանձնահատկությունները: Բանախոսներն արձանագրեցին՝ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք համակարգային մոտեցում են պահանջում: M.A.M. կրթական շարժման հիմնադիր Մարինա Ղազարյանը Հայաստանում հաջողված պատմության իր օրինակը ներկայացրեց, խոսեց նաև Սփյուռքի դպրոցներում հայերենի դասավանդման բացակայության հետևանքների մասին:
Մարինա Ղազարյան (M.A.M. կրթական շարժման հիմնադիր տնօրեն) - Մեր հետագա անելիքների մասով ստրատեգիկ որոշումներ պետք է կայացնենք՝ ինչպես անել, որպեսզի մեր լեզուն դրսում պահպանվի, մեր մշակույթը շարունակի ծաղկել: Իրականում խնդիրները շատ են, բայց նաև երկխոսություն կա, ինչը շատ կարևոր է: Կարծում եմ՝ այս հարցում և երկխոսության արդյունքում պետք է գանք մեր ընդհանուր գաղափարների շուրջ տեսլականի ձևավորմանը: