Արտարժույթի նկատմամբ պահանջարկը և առաջարկը ազդում են դրամ-դոլար կամ դրամ-եվրո իրական փոխարժեքների վրա: Դրանք այս ամիսների ընթացքում ուժեղացրել են հայկական դրամը, բայց մյուս կողմից՝ նաև մեծ գնաճ կա, ինչը նաև պայմանավորված է հատկապես պարենի միջազգային գների զգալի ավելացմամբ: Այդ երևույթն ազդում է նաև Հայաստանում գնաճային բավական բարձր ֆոնին: Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ: Անդրադառնալով արտարժույթի արժեզրկման պայմաններում գնաճին՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Անդրադառնալով տնտեսական ակտիվությանը՝ նախարարը նշեց, որ այն արհեստական չէ:
«Կան շատ անորոշությունններ, որոնք հատկապես պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, և որոնք այս անցած ամիսների ընթացքում ձևավորվել են մի կողմից՝ դեպի Հայաստան մարդկանց զգալի ներհոսքի պատճառով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտներում մասնագիտացված անձանց, որոնք ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, և դրանով պայմանավորված արտարժութային ներհոսք է առաջացել, և մյուս կողմից՝ դրամական փոխանցումներն ավելացել են դեպի Հայաստան, որոնք ազդում են նաև ընդհանուր սպառման ծավալների ավելացման վրա, դրանք առաջացրել են որոշակի տնտեսական ակտիվություն: 9 ամիսների հանրագումարով ունենք 14 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն»,- ասաց նա:
Նախարարը համաձայն չէ այն մտահոգությանը, որ տնտեսական ակտիվությունը մարզերում չի զգացվում:
«Ես այդպիսի գնահատականին չեմ կարող համաձայնվել»,- ասաց նա՝ նշելով, որ հիմնական այցելուները գտնվում են Երևանում, բնականաբար, սպառումն ավելի շատ ավելանում է Երևանում: