Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր Վարդենիսի համայնքապետարանում ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող թիմին, որը ղեկավարում էր առաքելության ղեկավարի տեղակալ Էսբեն Ռիս Պետերսոնը։
«Եվրամիության դիտորդների՝ Գեղարքունիքի մարզում գործունեություն իրականացնող թիմի նպատակն է պարեկություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզով անցնող հատվածում։ Առաքելությունը կհետևի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։
Ողջունելով ԵՄ առաքելության դիտորդների այցը Գեղարքունիքի մարզ՝ հանգամանալից ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով Վարդենիսի՝ հրետակոծությունից տուժած 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակը, որն առնչվում է տարհանված բնակչության վերադարձին, գյուղատնտեսական աշխատանքների ցածր ընթացքին, վնասված շենք-շինություններին, ենթակառուցվածքներին, դպրոցներին, նախադպրոցական հաստատություններին, քաղաքացիական այլ կառույցներին և այդ ուղղությամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող ու իրականացվող միջոցառումներին։
Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում թշնամու սանձազերծած ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը ԵՄ առաքելության դիտորդներին ներկայացրեց նաև ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։
Լիահույս եմ, որ ԵՄ դիտորդների մուտքը մարզ հնարավորություն կտա ավելի օբյեկտիվ գնահատել առկա իրավիճակը և նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը։
Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին՝ նման քննարկում ծավալելու, բովանդակալից և հագեցած տեղեկատվություն ներկայացնելու համար։
Այնուհետև երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի և Վարդենիսի համայնքի ղեկավարի հետ ԵՄ առաքելության դիտորդական խմբին ուղեկցեցինք հակառակորդի հրետակոծությունից տուժած Կուտական, Սոթք և Կութ բնակավայրեր՝ տեղում դիտարկելու և արձանագրելու առկա վիճակը՝ իրենց հետագա գործունեության ուղղությունները նախատեսելու նպատակով»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը: