ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվող համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Համառոտ ներկայացում․ կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկմանը։
Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված և նախատեսվող բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Սփյուռքի ռեսուրսների համախմբման ու ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։ Նախարարը մանրամասնել է արցախահայության աջակցության ծրագրերին, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին տրամադրվող աջակցությանը, պրոթեզավորմանը, զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև ժողովրդագրության ռազմավարության մշակմանը, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։
«Անչափ կարևոր է քննարկել, թե երկրի առջև ծառացած ինչ մարտահրավերներ կան և ինչպիսի պատասխաններ կարող ենք մշակել, որովհետև դրանց արդյունավետությունից է կախված մեր հայրենիքի ապագան։ 2022 թվականի պատերազմով պայմանավորված մարտահրավերների արագ արձագանքման և ռեսուրսների համախմբման շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել ճգնաժամը։ Այժմ էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է անհրաժեշտ քայլեր՝ առկա սոցիալական բնույթի հիմնահարցերին պատասխանելու և կայունացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք ուղղություններով այժմ մշակվում են խորքային ռազմավարական փաստաթղթեր, որոնց հիմքում մարդու կենսափուլերն են՝ նախադպրոցական ժամանակահատվածից մինչև ակտիվ ծերացում։
Պանելային քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում նախարարը պատասխանել է ոլորտային մի շարք հարցերի։
Հիշեցնենք, որ համաշխարհային հայկական գագաթնաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, որի օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն: