Ամերիկյան դոլարը պահպանել է իր դիրքերը որպես աշխարհի ամենապահանջված արժույթ: Միջազգային հաշվարկների բանկը օրեր առաջ հրապարակել է 2022-ի ապրիլի դրությամբ արտարժույթի առքուվաճառքի տվյալները: Նոր ռեկորդ է սահմանվել՝ օրական 7.5 տրիլիոն դոլարի առքուվաճառք է իրականացվել, 2019 թվականի համեմատ աճը կազմում է 14%։ Կառույցը 3 տարին մեկ է նման ուսումնասիրություն իրականացնում: ԱՄՆ դոլարը գործարքների 88%-ում եղել է առևտրային մասնակիցներից մեկը: Համաշխարհային ամենապահանջված արժույթների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է եվրոն՝ գործարքների մոտ 31% տոկոսում մասնակցությամբ: Հաջորդում են՝ ճապոնական իենը (17%), ֆունտ ստեռլինգը (13%) և չինական յուանը (7%):
Էդգար Աղաբեկյան( «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) -
Աճել է էստեղ թե՛ սփոթ շրջանառությունը, թե արժութային սվոփների, փոխարժեքային սվոփների մասով, ածանցյալների մասով որոշակի աճ կա: Եվ, ըստ էության, իրավիճակն ինքը համընկնում է համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործընթացների հետ, որի պայմաններում բնական է, որ պիտի նման պատկեր դրսևորվեր:
Մասնագետների գնահատմամբ՝ կենտրոնական բանկերի խիստ դրամավարկային քաղաքականությունը, ռուս-ուկրաինական հակամարտությունը ֆինանսական շուկաների վրա մեծ ազդեցություն են ունեցել:
Էդգար Աղաբեկյան - Այս զեկույցի կարևորությունն էն ա, որ մեզ ցույց է տալիս, որ համաշխարհային քաղաքական, տնտեսական գործընթացները իրենց ազդեցությունն են գտնում ֆինանսական շուկաներում, մասնավորապես՝ արտարժույթի շուկաներում, որը դրսևորվում է մի կողմից տատանողականության մեծացմամբ, մյուս կողմից էլ՝ արդեն էդ ծավալների մեծացմամբ:
Մասնագետները վստահ են՝ առաջիկա տարիներին ավելի մեծ ցուցանիշներ կգրանցվեն չինական յուանի առքուվաճառքի մասով, այս առումով բացասական գործոն է եղել Չինաստանում քովիդի սահմանափակումները: Ինչ վերաբերում է մեր երկրին, հայաստանյան բանկերում արտարժույթի առքուվաճառքի, օրինակ՝ հոկտեմբերի 28-ի ծավալը կազմել է ավելի քան 48 մլրդ դրամ, խոսքը, դոլարով, եվրոյով և ռուբլիով գործարքների մասին է:
Էդգար Աղաբեկյան - Մեր ներքին շուկայում, ըստ էության, ձևավորվում է դրամ-դոլար փոխարժեքը, մնացած փոխարժեքները կրոս-կուրսերով, այսինքն՝ միջազգային շուկաներից են բխում էսպես ասած, և, բնականաբար, միջազգային շուկաներում տեղի ունեցող գործընթացները էս դեպքում չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ: էս իրավիճակում էական ազդեցություն է գործում նաև ռուբլու փոխարժեքը դրամ-դոլար փոխարժեքի վրա ազդեցության տեսանկյունից:
Ընդհանուր առմամբ արժույթների ամբողջ առևտրի ծավալի 78 տոկոսը Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Հոնկոնգին, Սինգապուրին և Ճապոնիային է բաժին ընկել: Այս առումով Լոնդոնի` որպես աշխարհում արտարժույթի առևտրի հիմնական կենտրոնի դիրքերը թուլացել են՝ համաշխարհային շրջանառության 43%-ից նվազելով մինչև 38:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան