ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի վերաբերյալ բանաձև են պատրաստում: «Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների հանդեպ աճող հալածանքները, քաղբանտարկյալների թվի աճը տագնապալի է»,- ասվում է փաստաթղթում, որն արդեն ստորագրել է 13 երկրի 20 պատգամավոր։
Նախաձեռնության հեղինակը իտալացի պատգամավոր Մաուրիցիո Բուկկարելլան է։ Փաստաթղթում նշվում է, որ Խորհրդարանական վեհաժողովը պետք է ուշադիր քննարկի և ուսումնասիրի Ադրբեջանում քաղբանտարկյալների թեման:
Ստորագրահավաքի հեղինակները կարծում են, որ Վեհաժողովը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԱԿԱՆ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ԿՐՈՒՄ
Ուկրաինայի տնտեսությունն օրական մոտ 200 միլիոն դոլարի վնաս է կրում օդային տագնապների պատճառով՝ հայտարարել է Գերագույն ռադայի հարկային կոմիտեի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։ Դանիիլ Գետմանցևը կարծիք է հայտնել, որ օդային տագնապները նախատեսված են ոչ միայն էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու, այլ նաև երկրի տնտեսական գործունեությունը կաթվածահար անելու համար: Նա կոչ է արել տնտեսության պետական և մասնավոր հատվածների աշխատանքը կազմակերպել հեռավար:
Այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ամբողջ տարածքում, որոշ շրջաններում հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին: Ենթակառուցվածքների զանգվածային հրետակոծության հետևանքով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են տեղի ունեցել:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է ՍԵՎ ԾՈՎՈՎ 16 ՆԱՎԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ
Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև ստորագրված հացահատիկային գործարքի շրջանակներում այսօր համաձայնեցվել է Սև ծովի միջանցքով 16 նավի տեղաշարժը՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Ռուսական կողմը տեղեկացվել է նավերի տեղաշարժերի մասին սահմանված ընթացակարգին համապատասխան:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ առանց Ռուսաստանի մասնակցության ընդունված որոշումները Մոսկվայի համար որևէ պարտավորություն չեն ստեղծում, հավելելով՝ Մոսկվան կշարունակի գործարքի շուրջ երկխոսությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ:
ՄԱԿ-ի խոսնակը նշել է, որ նավերի ստուգման աշխատանքներն իրականացվել են միայն ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված թիմերի կողմից՝ առանց ռուսական և ուկրաինական կողմերի մասնակցության:
Հացահատիկային գործարքն անորոշ ժամկետով կասեցնելու Ռուսաստանի որոշումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել սևծովյան հացահատիկի արտահանման գործարքի իրականացման ուղղությամբ:
Համաձայնագրից Մոսկվայի դուրս գալու որոշմանն անդրադարձել էին նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ կոչ անելով վերադառնալ համաձայնագրի իրականացմանը:
Փարիզը և ԵՄ գործընկերները փորձում են Ուկրաինայից հացահատիկի արտահանումն իրականացնել ցամաքային ճանապարհով՝ հայտարարել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆենսոն՝ մանրամասնելով, որ դիտարկում են Ռումինայի և Լեհաստանի ցամաքային ուղիները: Ֆենսոն շեշտել է, որ շարունակում են աշխատել այնպիսի համակարգի ուղղությամբ, որն իրենց կախվածության մեջ չի դնի Ռուսաստանից:
ԻՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Իրանական կողմը անօրինական է համարում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու Եվրամիության, մասնավորապես՝ Գերմանիայի որոշումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին: Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ-ն Իրանի պաշտոնական ռազմական մարմինն է։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի և եվրոպական այլ երկրների կառավարությունները ուշադրություն կդարձնեն Թեհրանի դեմ իրենց ապակառուցողական գործողությունների արդյունքին և «չեն զոհաբերի իրենց շահերը հանուն հպանցիկ քաղաքական օգուտների»։