ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք, ինչպես պայմանավորվել էինք Ղազախստանի հանդիպման ժամանակ, այսօր հանդիպում ենք Սոչիում։ Սոչին որպես հանդիպման վայր ընտրվել է նաև Ձեր և նախագահ Ալիևի կողմից։ Այս ձևաչափով մենք այստեղ մի քանի անգամ հանդիպել ենք։ Ներողություն եմ խնդրում աշնանային եղանակի համար, բայց ոչինչ չենք կարող անել։ Գլխավորն այն է, որ հնարավորություն կա հանդիպելու, զրուցելու,- ասել է ՌԴ նախագահն ու շարունակել: Իրականում, մենք արդեն սկսել ենք այս քննարկումը, երբ Աստանայում հանդիպեցինք երեքով, բայց, իհարկե, այսքան լուրջ և հին հարցը, նման խնդիրը լուծելու համար դա բավարար չէր։ Ուստի և իրականացնում ենք ձեր նախաձեռնությունը։
Բոլորովին վերջերս Ձեր նախաձեռնությամբ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով առցանց հանդիպում կայացավ։ Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանի և Ղարաբաղի շուրջ իրավիճակների վերաբերյալ: Հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ, ուստի այն, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ կերպ լուծել՝ համաձայն եմ դրան: Գիտեմ, որ Դուք քաղաքական կամք ունեք այդ հարցում, և մենք այն աջակցում ենք:
Մենք Ձեզ հետ պետք է հիմա, նաև եռակողմ ձևաչափով, գտնենք առանցքային կետեր, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել: Ինձ թույլ կտամ հիշել, թե ինչպես էր զինված հակամարտության ընթացքում ձեռք բերվում պայմանավորվածությունը: Այդ ժամանակ մենք բոլորս հենվում էինք այն դիրքորոշուման վրա, որ գլխավորը խաղաղություն ապահովելն է և տնտեսական զարգացման պայմանների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծումը:
Այդ առումով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, նոր երթուղիների ստեղծումը, տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման հետ կապված հարցերը՝ վերջին հաշվով դա այն է, հանուն ինչի մենք աշխատում ենք, այդ ամենը նախատեսված է՝ ի շահ մարդկանց: Ուստի մենք այսօր պետք է խոսենք բոլոր այդ հարցերի մասին, և հույս ունեմ, որ առաջընթաց կունենանք: Մենք միշտ առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ Հայաստանը դարեր ի վեր մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, ինչպես ես նշել եմ ՀԱՊԿ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում: Ուստի մեզ համար իրավիճակը հատուկ է: Մեծ հույս ունեմ, որ այսօր կարգավորման ուղղությամբ քայլեր կկատարենք»,- ասել է ՌԴ նախագահը: