Դատախազությունը պահանջում է Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 870 միլիոն դրամի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք: Վարդանյանին պատկանող գույքը դատախազությունը սկսել է ուսումնասիրել 2020-ի հոկտեմբերին: Արդեն 2022-ի հունվարին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռանագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Թորոսյանը նշում է, թե որոնք են եղել ուսումնասիրության հիմքերը:
Նելլի Տեր-Թորոսյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը համապատասխան քրեական գործի նյութերը՝ շորթում կատարելու վերաբերյալ, ուղարկել է իրավասու մարմնին, և արդեն ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում կայացվել է համապատասխան որոշում:
Դատարան պահանջ է ներկայացվել բռնագանձել Վարդանյանին պատկանող Երևանում գտնվող տասը բնակարան, բնակելի տներ, խանութ, շինություններ, Կոտայքի մարզում գտնվող 3, Տավուշում 1 հողամաս, 2 ավտոմեքենա: Բռնագանձման անհնարինության դեպքում՝ վերադարձնել դրանց միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 870 միլիոն 997 հազար 100 դրամ: Դրանից բացի, դատախազության համզմամբ, Վարդանյանից բռնագանձման են ենթակա դրամական միջոցներ:
Նելլի Տեր-Թորոսյան - Մոտ 733 միլիոն դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդի, անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:
Արամ Վարդանյանը և նրան փոխկապակցված անձինք նյութերին ծանոթացել են, բայց դեռևս դիրքորոշում չեն ներկայացրել: Նելլի Տեր-Թորոսյանի խոսքով՝ հաշտության համաձայնություն կնքելու ցանկությամբ հանդես չեն եկել, չնայած որ նրանց պարզաբանվել է այդ իրավունքը: Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ գործընթացն ի սկզբանե եղել է ապօրինի, պնդում է, որ նման հայց չէր կարող ներկայացվել դատարան:
Լուսինե Սահակյան (փաստաբան) - Նկատի ունենալով, որ Արամ Վարդանյանի օրինական եկամուտները մի քանի անգամ գերազանցում են գույքերի քանակին: Այս գործընթացը ոչ միայն լայն առումով է ապօրինի, որ օրենքը իրավունքի բազմաթիվ խախտումներ է նախատեսում իր մեջ, այլ նաև նույնիսկ այդ օրենքի պայմաններում նման հայց չէր կարող ներկայացվել:
Ըստ դատախազի՝ Վարդանյանը գույքը ձեռք բերելիս աշխատանքային գործունեություն չի ծավալել, այսինքն՝ առկա է եղել օրինական եկամուտ-ծախս հարաբերակցության ակնհայտ անհապատասխանություն:
Նելլի Տեր-Թորոսյան - Արամ Վարդանյանը մինչև 2019 թվականը երբևէ աշխատանքային գործունեություն չի ծավալել, ըստ իրավասու մարմնի հարցումների, իսկ 2019-ին մի քանի ամսով աշխատել է որոշակի կազմակերպությունում: Մինչև 2019-ը անձը փաստացի պետությանը հայտնի աշխատանքային գործունեություն չի ծավալել:
Փաստաբան Սահակյանի խոսքով՝ դատախազությունն ամբողջ ծավալով չի ուսումնասիրել Վարդանյանի օրինական եկամուտները, և իրենք պատրաստվում են հիմնավորել դատարանում: Որպես պետության ներկայացուցիչ՝ դատարանում հայցադիմումը կներկայացնի Նելլի Տեր-Թորոսյանը: Այս գործով դատական առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 25-ին: