Շարունակելով աջակցել Լիբանանի մեր հայրենակիցներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական դրամական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանում գործող 16 հայ կրթական հաստատություններին։
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից տրամադրված 100.000 ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատությունների ուսուցիչների և անձնակազմի աշխատավարձերի վճարմանը։
Ֆինանսական աջակցությունը փոխանցվել է Լիբանանում գործող՝ «Հայ ավետարանական կենտրոնական», «Հայ ավետարանական Թորոսյան», «Ազգային Հառաջ-Գ. Գյուլբենկյան», «Ազգային Միացյալ», «ՀԲԸՄ Դարուհի Յովակիմյան», «Հայ Կաթողիկե Հռիփսիմյանց», «Հայ կաթողիկե Ս. Խաչ-Գ. Հարպոյան», «Մեսրոպյան» և «Մխիթարյան» վարժարաններին, «Հայ ավետարանական», «Ազգային Եղիշե Մանուկյան», «Սահակյան Լևոն Մկրտիչյան» քոլեջներին, «Այնճարի Հայ Ավետարանական», «Վահան Թեքեյան» և «Նուբարյան» դպրոցներին, ինչպես նաև «Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանին։
«Հայաստան» հիմնադրամը հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանն ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Լիբանանահայությանը օժանդակությունը սկիզբ առավ դեռևս 2019 թ. դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը ցուցաբերվեց 2020 թ. օգոստոսին՝ Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո։ Այդ տարի շուրջ 600.000 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին։
2021 թ. սեպտեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով հավաքագրվեց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը փոխանցվեց 1.000.000 ԱՄՆ դոլար՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։
Ընդհանուր առմամբ, 2019 թվականից առ այսօր, «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայության հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերել է շուրջ 1.700.000 ԱՄՆ դոլարի աջակցություն։
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը:
Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով: