Կորոնայով հիվանդանալուց ամիսներ են անցել, բայց շնչառությունը դեռ տեղը չի գալիս, մկանները ցավում են, քրոնիկ հոգնածության կա, մոռացկոտ են դարձել, դեպրեսիվ․ հետհամաճարակային փուլում մարդկանց մոտ նկատվող առողջական այս գանգատներին աշխարհում արդեն ախտորոշում ու անուն են տվել՝ «երկարատև քովիդ»: Խնդիրը Հայաստանում էլ է ակտուալ՝ պնդում են Բժշկական համալսարանում։ Իրենց՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի մոնիթորինգը ցույց է տալիս՝ հիվանդների հիմնականում թոքերն ախտահարող վիրուսը թեպետ նահանջել է, մահացության թվերում դեռ մեծ կշիռ ունի։
Դավիթ Մելիք-Նուբարյան (ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ) - 2018-ի տարեսկզբից սկսած երկրորդ եռամսյակից մահացությունը Հայաստանում կայունացավ և հետնահանջ ապրեց՝ վերադառնալով մինչքովիդյան մակարդակին, ինչը լավ ա, բայց ինչն է մտահոգիչ՝ այդ շնչառության օրգանների մահացությունը դեռևս մնում է բարձր, այսինքն՝ քովիդյան ցուցանիշների վրա, և սա անուղղակի ապացույց է, ցուցիչ է, որ այս «երկարատև քովիդը» Հայաստանի համար էլ է լուրջ խնդիր:
Խնդիրներն ինչպե՞ս են դրսևորվում մեր՝ հայաստանցիներիս մոտ, և ի՞նչ լուծումներով կարելի է դրանք մեղմել․ իրավիճակը գնահատելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով բուհի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը «երկարատև քովիդի» մասով հետազոտություն է նախաձեռնել։ Ուսումնասիրության շրջանակում մեկ տարի տևողությամբ հետևելու են կորոնավիրուսը ծանր տարած-հիվանդանոցում բուժում ստացած մոտ 500 պացիենտի առողջությանն ու ստացած պատկերի հիման վրա երկրի համար գիտական վերլուծություն կազմեն։ Հետազոտվողներին ընտրում են պատահականության սկզբունքով, զանգում են՝ ով համաձայնվում է մասնակցել ծրագրին, հրավիրում են «Հերացի» կլինիկա՝ թոքերը, սիրտը անվճար ստուգելու։
Դավիթ Մելիք-Նուբարյան - Օրինակ՝ սպիրոմետրիա, ինչպես է շնչառությունը քովիդից 6 ամիս հետո և որոշ ժամանակ հետո: Ստեղ խոսքը գնում ա մարդկանց առողջական վիճակի ուսումնասիրության մասին, որ մենք փաստացի տվյալներ ունենանք, թե փաստացի այս կամ այն օրգանի վրա ինչ ազդեցություն է թողել քովիդը, ասենք, շնչառության չափումներ, սրտի գերզարկեր, գերճնշում:
Շնչառության օրգանների հիվանդությունից Հայաստանում, պարզվում է, այս հունվար-օգոստոսին 5,6 տոկոսով ավելի շատ մահ է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ երկրում քովիդ-19 է տարել 600 հազարից ավելի մարդ։ Առնվազն այդքան էլ՝ բոլոր սիմպտոմներով հիվանդացել է, բայց թեստը կամ բացասական է եկել, կամ չի էլ արել։