Ամսվա կտրվածքով Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 5 տոկոսը արդեն վաճառվում է չկարգավորվող, ուղիղ պայմանագրերով։ Հայաստանի էլեկտրական ցանցերի մենաշնորհից դուրս՝ հոսանք գնել-վաճառելու հնարավորությունը երկրում ստեղծվել է այս փետրվարից, երբ էներգետիկ շուկան ազատականացվեց։
Մեսրոպ Մեսրոպյան («Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն) - Այս պահի դրությամբ մենք շուկայում ունենք գրանցված 4 մատակարար և 3 մեծածախ առևտուր անող ընկերություն՝ թրեյդերներ:
Նորաստեղծ համակարգում ինչպե՞ս են կնքվում, վերահսկվում էներգետիկ գործարքները: Հաշվարկային կենտրոն էր եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը։ USAID-ն ֆինանսական ու տեխնիկական մեծ աջակցություն է ցուցաբերել շուկայի ազատականացման այս բարեփոխմանը։ Էրին էլիզաբեթ Մըքիի գլխավորած պատվիրակությանն այստեղ ներկայացրին կառույցի առևտրային հարթակի հնարավորությունները։ Ծրագիրը, որ հատուկ մեր երկրի համար է մշակվել, թույլ է տալիս մոնիթորներին առանձին-առանձին տեսնել կայանների միջև տեղի ունեցող փոխհոսքերը, բարձրավոլտից՝ ցանցեր, ցանցերից՝ բաշխիչ կետեր մտնող հզորությունները։ Առանձնակի հպարտությամբ հյուրերին ցուցադրեցին Հայաստանից էլեկտրաէներգիայի սպասվող խոշոր արտահանման սխեման։
Էլեկտրաէներգիայի տարածաշրջանային առևտրի աշխուժացումը այս բարեփոխման նպատակներից մեկն է։ Շուկայի ազատականացմամբ, եթե ներքին սպառողի համար մատակարարների միջև սրվող մրցակցությունից առաջիկայում հնարավոր է սակագին իջնի, երկրի օգուտը լինելու է հոսանքի վաճառքների ավելացումը։
Էրին Էլիզաբեթ ՄըՔի (ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար) - Հա, հոյակապ կլինի։ Մենք հավատում ենք, որ միասին աշխատելով և դիվերսիֆիկացնելով շուկան՝ կկարողանանք տնտեսությունում աճեր ապահովել այդ ուղղությամբ։ Դա մեծ հնարավորություն է բոլոր պետությունների համար։ Տնտեսական այս զարգացումներն ի վերջո դառնում են նաև ազգային անվտանգությանը լրացնող մաս:
Ամերիկացի հյուրը Հաշվարկային կենտրոնի ղեկավարից հետաքրքրվեց՝ մեր երկրում արտադրվող հոսանքի ո՞ր մասն է ներկրվող վառելիքով, որը՝ տեղական ռեսուրսով է արտադրվում։ Ատոմակայանի վերաբերյալ հարցին Մեսրոպյանը պատասխանեց․ չնայած փաստին, որ միջուկային վառելիքը ներկրվում է, որպես ինժեներ-էներգետիկ ինքը Հայաստանի համար ԱԷԿ-ին այլընտրանք չի տեսնում։
Ճիշտը էներգետիկ տարբեր աղբյուրներ օգտագործելն է՝ ասաց տիկին Մըքին։
Էրին Էլիզաբեթ ՄըՔի - Հրաշալի եղանակը, որ այսօր տեսա, առատ արևը, որ ունեք, կարծում եմ՝ արևային էներգետիկան զարգացնելու մեծ հնարավորություն է տալիս։ Հիդրոկայաններում օգտագործվող ջուրը նույնպես մաքուր, վերականգնվող ռեսուրս է, բայց չի բացառվում կլիմայի գլոբալ տաքացման պատճառով գետերի հոսքը պակասի։ Այնպես որ, պետք է դիտարկել թե՛ արևային, թե՛ քամու, թե՛ միջուկային էներգիայի ներուժը, որպեսզի թուլացվի կախվածությունը գազից և նավթից։
Հրաժեշտին USAID-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարեց՝ պատրաստ են շարունակելու աջակցությունը Հայաստանի էներգետիկ բարեփոխումներին։