ԵԽԽՎ 20 պատգամավոր առաջարկել է ընդունել «Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի մասին» բանաձևը։
«Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների դեմ աճող հալածանքները, քաղբանտարկյալների թվի աճը տագնապալի են»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրել է 13 երկրի 20 պատգամավոր։ Նախաձեռնողը Իտալացի պատգամավոր Մաուրիցիո Բուկկարելլան էր։
Փաստաթղթում նշվում է լրագրող Ավազ Զեյնալիի և իրավապաշտպան Էլչին Սադիգովի ձերբակալության մասին։ Ըստ նախատեսվող փաստաթղթի՝ Ադրբեջանի իշխանություններն անտեսել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի կոչը՝ անհապաղ ազատ արձակել Զեյնալիին և Սադիգովին։
2022 թվականի կեսերին բլոգեր Աբիդ Գաֆարովը բանտարկվել է զրպարտության շինծու մեղադրանքով։ Նույն մեղադրանքով երեք քրեական գործ է հարուցվել ընդդիմության առաջնորդ Ալի Ալիևի նկատմամբ։
2022 թվականի մայիսին բլոգեր Ռաշադ Ռամազանովը ձերբակալվել է շինծու մեղադրանքով։
«Խորհրդարանական վեհաժողովը պետք է ուշադիր քննարկի և ուսումնասիրի Ադրբեջանում քաղբանտարկյալների առկա դեպքերը»,- ասվում է փաստաթղթում։
Ստորագրահավաքի հեղինակները կարծում են, որ Վեհաժողովը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Առայժմ հայտնի չէ, թե ԵԽԽՎ-ում երբ կքննարկվի բանաձևի նախագիծը: