Եկող տարվա համար սահմանել ենք 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2023 թվականին կապիտալ ծախսերի զգալի մասը կամ 3/4-րդ մասն ուղղվելու է պաշտպանության և անվտանգային այլ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:
«2023 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները և հասնելու են ՀՆԱ-ի 5 տոկոսին»,- ասաց նախարարը:
Նախարարի վստահեցմամբ՝ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու` 648 միլիարդ դրամ, 10 տոկոսով կգերազանցեն 2022 թվականի ցուցանիշները:
Կրթության ոլորտում ծախսերը կկազմեն 209 միլիարդ դրամ: 12 տոկոսով դրանք կլինեն ավելին, քան 2022 թվականի ճշտված բյուջեով կրթության ոլորտի ծախսերն են:
«Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 149 միլիարդ դրամ, որոնք 4 տոկոսով ավելին են, քան այս տարվա ճշտված բյուջեով սահմանված ծախսերի մակարդակն է: ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 1.6 տոկոս»,- ասաց նախարարը: