Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ-ի եզրակացությունը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:
Գալստյանի խոսքով՝ տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թվականի համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ:
«Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թվականի բյուջեն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերի` ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի աճի և պարտքի կրճատման տեմպերի արագացում, որի արդյունքում համախառն պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն»,- ասաց Գալստյանը:
Նա նշեց, որ 2023 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են արտադրողականության և մրցակցության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը: