Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը:
Ծնվել է 1945 թվականի օգոստոսի 19-ին Կիրովական քաղաքում (այժմյան՝ Վանաձորում):
1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։
1992 թվականից դասախոսել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996-2008 թվականներին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։
ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել 1995-1999 թթ.:
2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Շահվերդյանի արվեստին բնորոշ են դասական գործերի նոր ու ինքնատիպ ընթերցումը, վառ թատերայնությունը և ասելիքի հոգեբանական խորությունը, սիմվոլներն ու մետաֆորները, վիզուալ գեղեցկությունը։
Նրա «ռեժիսորական» ներկայացումներում կարևորվում են ոչ թե դերասանի անհատականությունը, այլ ռեժիսորական գաղափարները դերասանի միջոցով մատուցելը։ Ռեժիսորական լուծումները և գերապատվությունը ռեժիսուրային նրա բեմադրությունների մեկնակետերն են։
Նրա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։
Նրա բեմադրություններում առաջին պլանում ռեժիսուրայի կարևորումն է։ Նրա ներկայացումները կոչվում են ռեժիսորական, քանի որ ռեժիսորական լուծումները գերակա դիրք ունեն դերասանական խաղի նկատմամբ։
Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1996), արժանացել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի (2016):
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: