Սոցիալական ցանցերը՝ թակարդ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ձեռքին՝ հայ զինծառայողներին հավաքագրելու և պետական գաղտնի տեղեկություններ ստանալու համար: Ինչպե՞ս են Հայաստանի քաղաքացիները հայտնվում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում:
Հայաստանի դատախազությունը ուսումնասիրել է պետական դավաճանությանը վերաբերող քրեական վարույթները, վերհանել հանցագործությանը հանգեցնող պատճառները և դրան նպաստող պայմանները: Բացահայտված պետական դավաճանության 15 դեպքերը կատարվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ու նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում:
Արմեն Գևորգյան (ՀՀ ԳԴ ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության հսկողության վարչության պետի տեղակալ) - Նախորդող տարիների համեմատ, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցների տեսադաշտում քաղաքացիները հայտնվում էին բացառապես երրորդ երկրների տարածքներում հայտնվելու արդյունքում, հատկապես 44-օրյա պատերազմում և դրանից հետո ընկած ժամանակահատվածում հավաքագրման եղանակները և մեթոդները էապես տարբերվում են, և դրանք փոխադրվել են դեպի համացանցային տիրույթ:
Անձանց հավաքագրման մեխանիզմներից ամենատարածվածը սոցցանցերի միջոցով ծանոթության հաստատումն է, երբ զինծառայողը, չկատարելով սմարթֆոններից չօգտվելու, սոցցանցերում զինծառայության վերաբերյալ տվյալներ չհրապարակելու պաշտպանության նախարարի հրամանը, հայտնվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների թիրախում: Ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները հիմնականում Ֆեյսբուք, Տիկտոկ, Օդնոկլասնիկի ցանցերում, հայուհիների անվանական տվյալով բացում են օգտահաշիվներ, տեղադրում համացանցից ներբեռնված լուսանկարներ և թիրախավորում հատկապես զինծառայողներին: ԱԱԾ աշխատակիցը, որի դեմքը ցուցադրելն արգելվում է, ներկայացնում է հավաքագրման հետագա գործողությունները:
ԱԱԾ աշխատակից - Երբ արդեն խորանում է շփումը, և հատուկ ծառայության ներկայացուցիչը համոզվում է անձի՝ իրեն անհրաժեշտ տեղեկությունները փոխանցելու պատրաստակամության մեջ, արդեն կոնկրետ հանձնարարական է տրվում ռազմական բնագավառի տեղեկություններ հավաքելու և փոխանցելու, կոնկրետ սպառազինության, անձնակազմի թվաքանակի, զորամասի ուղղվածության, գտնվելու վայրի, զինատեսակների, զինտեխնիկայի տեղակայման և այլնի վերաբերյալ:
Ամուսնացած հայ զինծառայողների հետ կապ հաստատած օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ինտիմ հաղորդագրությունները հրապարակելու սպառնալիքով ստանում են անհրաժեշտ տեղեկությունները: Մեկ այլ դեպքում ներկայանում են բարեգործական կազմակերպության անդամ, առաջարկում ֆինանսական աջակցություն, հետո սպառնում, թե կհրապարակեն փող հատկացնելու, և զինծառայողը ստիպված կատարում է ռազմական տեղեկություն փոխանցելու պահանջը՝ կատարելով պետական դավաճանություն:
ԱԱԾ աշխատակից - Հավաքագրման մյուս եղանակը տեղի է ունենում, երբ որ զինծառայողը արտասահմանում գտնվելու ընթացքում իր ծանոթների միջոցով կամ անձամբ շփում է հաստատում հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվելով վերջինի կողմից, երրորդ երկրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում արդեն համապատասխան փաստաթղթեր է ստորագրում հավաքագրման վերաբերյալ, ստանում է ծածկանուն, հետագայում կապի բացահայտումը բացառելու կամ առնվազն նվազագույնի հասցնելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցներ է ստանում օտարերկրյա հատուկ ներկայացուցչի կողմից, որպեսզի դրանից օգտվելու միջոցով հնարավորինս քողարկված կապի մեջ գտնվեն միմյանց հետ:
Դատախազ Արմեն Գևորգյանի խոսքով՝ ադրբեջանական հատուկ ծառայություններին են փոխանցվել զորամասերի, մարտական հենակետերի տեղակայման վայրերին, անձնակազմի քանակին, սպառազինությանը և ռազմական տեխնիկային, մարտական հերթապահությանը ներգրավված ուժերին վերաբերող տեղեկություններ:
Ըստ Գևորգյանի՝ համացանցում զինծառայողների տեղադրած տեղեկություններն ու լուսանկարները ներկայացնում են մեծ վտանգ: Հակառակորդը հատուկ ծրագրով պարզում է տեղանքը:
Արմեն Գևորգյան - Դատախազությունը զգուշացնում է զերծ մնալ նման գործելաոճից, նման գործողությունների կատարումից, և եթե կան դեպքեր, երբ կասկածելի անձինք նամակագրության կամ շփման հայտ են ներկայացնում և նմանաբնույթ տեղեկություններ են ցանկանում ստանալ զինվորական ծառայողներից կամ ՀՀ քաղաքացիներից, ապա դատախազությունը հորդորում է անմիջապես դիմել իրավապահ մարմիններին, քանի որ դրա տակ կարող են թաքնված լինել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներ:
Պետական դավաճանության և լրտեսության դեպքերի բացահայտմանը զուգընթաց, ԱԱԾ մարմինները իրականացնում են նաև կանխարգելիչ միջոցառումներ: Օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում հայտնված անձանց հետ կատարվում են բացատրական աշխատանք՝ հետագայում բացառելու հնարավոր հանցագործության դեպքերը:
ԱԱԾ աշխատակից - Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար առաջնահերթ թիրախ են զինծառայողները, հետևաբար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր զինծառայող առավել բարեխիղճ մոտեցում ցուցաբերի զինվորական կարգուկանոնի նկատմամբ և անվերապահորեն կատարի գաղտնիության ռեժիմի պահպանման վերաբերյալ հրաման-հրահանգները: Ցուցաբերի զգոնություն ռազմական գաղտնի տեղեկություններ, ծառայողական փաստաթղթերի պատրաստման և դրանց հետ աշխատանքի նկատմամբ: Հորդորում ենք չքննարկել ռազմական բնույթի հարցեր:
Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին, կասկածելով, որ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների թիրախում, դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, պատրաստակամություն հայտնել չեզոքացնելու օտարերկրյա հատուկ ծառայությունների թշնամական գործողությունները: Պետական դավաճանություն կատարած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իրավասու մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով նպաստել է հետագա վնասը կանխելուն, և այդ վնասը կանխվել է:
Վահե Ենգիբարյան (ՀՀ ԱԱԾ տնօրենի խորհրդական) - Պետական դավաճանության դեպքերը նաև հասարակական առումով զազրելի են, շոշափում են հասարակության շահերը, սպառնալիք են մարդկանց կենսագործունեության համար: Այս առումով բոլոր դեպքերի մասին իրազեկելը անխուսափելի է:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթներով առերևույթ հանցանք կատարած անձինք եղել են ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, նաև սպաներ: Իրավապահների խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված նման դեպքերը ավելացել են: Նոր օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև պետական գաղտնի տեղեկությունները միջազգային կազմակերպությանը հանձնելու համար՝ նկատի ունենալով, որ կարող են լինել ի վնաս Հայաստանի գործող միջազգային կազմակերպություններ:
Արմեն Գևորգյան - Դատարանում քննվող քրեական գործերով դեռևս մեղադրական դատավճիռներ չկան, քրեական գործերը գտնվում են դատաքննության փուլում, և ՀՀ դատախազությունը հետևողական է այդ հարցում և մեղսագրվող հանցավոր արարքները հաստատվելու պարագայում դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում՝ ենթադրյալ պետական դավաճանություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:
2020-2022-ին կատարված ու բացահայտված 15 դեպքից 11-ով քրեական գործերը ուղարկվել են դատարան՝ 20 անձանց վերաբերյալ, որոնցից 19 անձ կալանավորված են: 4 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Պետական դավաճանության համար նախատեսված է 15-20 տարի, ընդհուպ ցմահ ազատազրկում: