Բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Առիթը վերջին ամիսների քաղաքական զարգացումներն են, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, Արցախի ապագայի հետ կապված տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումները:
Գեղամ Ստեփանյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Արդեն երկու տարի է՝ Արցախի ժողովուրդը միջազգային զանգ է հնչեցնում միջազգային հանրության և բոլոր շահագրգիռ կառույցներին՝ փորձելով նրանց հասցնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները, բազմիցս խախտելով կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողություններին վերջ տալու եռակողմ հայտարարության ելակետային դրույթը, ոտնահարելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության միջազգային սկզբունքը:
Ազգային ժողովի նիստը մեծ էկրաններով ցուցադրվում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել հանրահավաքի: Արցախի խորհրդարանի ղեկավարը լիահույս է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ գագաթնաժողովին չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը անտեսի արցախյան հակամարտության գոյությունը, կասկածի տակ դնի հակամարտության կարգավորման հեռանկարն ու սահմանափակի արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ դնում Արցախի գոյությունը: Այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը, որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչեք նրա ինքնորոշման իրավունքը:
Հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաև Արցախում: Դիմում եմ ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:
Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ կլինի միջազգային իրավունքի կոպտագույն խախտում՝ միակարծիք են Արցախի խորհրդարանի պատգամավորները: Արցախի Ազգային ժողովի հայտարարությունն ընթերցել է 2020-ի պատերազմում որդուն կորցրած պատգամավոր Արեգ Ավագյանը:
Արեգ Ավագյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը։
Պետք է տեր կանգնել Արցախի Հանրապետության հռչակմանը, 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներին և 1992-ի հունվարի 6-ի Անկախության հռչակագրին՝ համոզված են արցախցիները: Արտահերթ նիստից հետո պատգամավորները միացել են հանրահավաքին:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ) - Այսօր Արցախի հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ: Ահա այդ համոզումով է, որ մենք արդեն իսկ 30 և ավելի տարիներ ասում ենք՝ այո՛ ինքնորոշմանը: Այսօր Արցախի կողքին լինել նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին: Սա է բանալին Արցախի հարցի լուծման՝ կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին:
Խորհրդարանի արտահերթ նիստում ընդունված հայտարարությունը ներկայացվել է նաև հանրահավաքում: Արցախի Ազգային ժողովը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: