Արդարադատության նախարարությունը վերանայում է 2019 թվականին գործարկված ազդարարման համակարգը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում արդարադատության նախարարությունը փորձելու է ավելի պաշտպանված դարձնել ազդարարողին, իսկ նոր գործիքների միջոցով էլ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա: Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Երանուհի Թումանյանցը նախ առանձնացրեց մասնավոր հատվածի ներգրավման փաստը. այս դեպքում աշխատակիցը կարող է կոռուպցիոն սխեմաների մասին ազդարարել ոչ միայն այն դեպքում, երբ աշխատում է պետական կառույցում, այլև երբ գործունեություն է ծավալում առևտրային ու ոչ առևտրային ընկերությունում:
Երանուհի Թումանյանց (ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ) - Ամենակարևոր հանգամանքը, որոնք մենք նկատի ենք ունեցել, պաշտպանության միջոցների ներգրավումն է, նաև նոր քրեական օրենսգրքով նախատեսված, նաև ոստիկանության մասին օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները:
Թումանյանցը հստակեցրեց՝ եթե դիմում ես անունուն ձևով, այս պարագայում անձի բացահայտման որևէ հնարավորություն չկա, բացառությամբ դատախազության աշխատակցի, որը azdararir.am կայքի միջոցով անանուն դիմած քաղաքացու հետ փոխադարձ կապի հնարավորություն ունի. այս դեպքում ևս քաղաքացին կարող է չբացահայտել իր անձը: Եթե դիմումն անանուն չէ, օրենսդրական նոր փաթեթով, պաշտպանության միջոցները հասնում են ընդհուպ բնակության վայրը հսկելուն կամ փոխելուն:
Երանուհի Թումանյանց - Երկու իրավիճակ ունենք, երբ կարող է պաշտպանության միջոցը ներգրավել մինչ քրեական գործի հարուցումը: Այդ դեպքում մենք գործ ունենք ոստիկանության հետ և ոստիկանության մարմինների միջոցով ենք անելու և ոստիկանության օրենքի ռեժիմով, և եթե արդենք քրեական գործի հարուցման փուլն է, և գործը հարուցվել է, այստեղ ունենք Քրեական դատավարության օրենսգրքի ռեժիմը գործող, որի դեպքում վարույթ իրականացնող մարմինը կարող է որոշել դիմել ոստիկանությանը՝ աջակցելու համար որոշ հարցերում:
Հատկապես Ազգային ժողովում շատ քննարկվեց նաև անանունության սկզբունքը: Պատգամավորներից ոմանց կարծիքով՝ այս մոտեցման պահպանման դեպքում բազմաթիվ անհիմն դիմումներ կներկայացվեն, ինչը լայնորեն տարածված է փակ համակարգի հասարակարգերում: Թումանյանցն այլ կարծիքի է:
Երանուհի Թումանյանց - Ազդարարման համակարգի նպատակը, իմաստը, նաև պաշտպանության տրամադրող հավաստիքներից մեկը հենց անանունությունն է:
Օրենքից անանունության սկզբունքի վերացումը համակարգի փլուզման կհանգեցնի՝ վստահ է նախկին փոխնախարարը: Թումանյանցի խոսքով՝ վիճակագրությունից պարզ երևում է, որ մարդիկ հիմնականում անանուն են դիմում:
2019-ին դատախազությունը ազդարարման համակարգի միջոցով 188 ազդարարում է ստացել, որից 153-ն անանուն է եղել: 5 դեպքով քրեական գործ է հարուցվել: 2020-ին 140 ազդարարումից 119-ն է անանուն եղել, հարուցվել է 1 քրեական գործ: 2021-ին 75 ազդարարումից անանուն է եղել 68-ը, 10 դեպքով քրեական գործ է հարուցվել:
Երանուհի Թումանյանց - Արդարադատության նախարարությունը հաղորդակցման արշավ պետք է ձեռնարկի, որով ավելի մանրամասն կպատմի այս հարթակի մասին, որովհետև ես վստահ եմ, որ քաղաքացիների մի մասն այդքան էլ լավ տեղեկացված չէ այս հարթակի և դրա հնարավորությունների մասին:
Նոր փաթեթով գործընթացին կներգրավվի նաև ՄԻՊ-ը, մոնիտորինգ կիրականացնի, տարեկան զեկույց կհրապարակի այս թեմայով, գուցե պարզի նաև, թե ինչու է ազդարարումների թիվը շատ, հարուցված քրգործերինը՝ քիչ: Քաղաքացիներն էլ խորհրդատվության համար կարող են գրասենյակ դիմել: