Հայաստանը բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Ֆրանցիսկոս պապի անձնական անվերապահ աջակցությունը՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցում Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն ամփոփել է օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարի այցը Վատիկան: Կարեն Նազարյանը նկատել է՝ անցնող երեք տասնամյակի ընթացքում Հայաստանի և Սուրբ աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը շարունակում է խորանալ փոխադարձ ջանքերի շնորհիվ:
Կարեն Նազարյան (Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Այդ հարաբերությունները մշտապես վայելել են Հռոմի քահանայապետի և Հայաստանի ղեկավարների հովանավարությունը: Այս ընթացքում Երևանում և Վատիկանում տեղի են ունեցել համազգային ու միջազգային ընդգրկման բազմաթիվ միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը: Վերջին տարիների ընթացքում, այդ թվում՝ համավարակով պայմանավորված սահմանափակումների շրջանում, մեր միջպետական կապերի զարգացման գործընթացը երբեք կանգ չառավ, պահպանվեցին երկկողմ բարձր մակարդակի շփումների դինամիկան:
Դիվանագետի խոսքով՝ մեր երկրի համար դժվարին ժամանակներում Վատիկանը մշտապես աջակցել է Հայաստանին՝ միջազգային բոլոր հարթակներում դատապարտելով Ադրբեջանի շարունակական ագրեսիան:
Կարեն Նազարյան - Մարտահրավերներով լի այս փուլում, երբ ՀՀ հանդեպ առկա են անվտանգային սպառնալիքներ, կարևորում ենք մեր գործընկեր, բարեկամ պետությունների հետ քննարկումները, վեր հանելով Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսին և ռազմական այլ հանցագործությունների անթույլատրելիության և դատապարտման անհրաժեշտությունը: Բնական է, որ իր հերթին էլ վատիկանյան կողմը չի կարող անտարբեր լինել քրիստոնեության բնօրրան հանդիսացող մեր տարածաշրջանում շարունակվող հակամարտության ու ուժի և դրա սպառնալիքի կիրառման դատապարտելի փաստերի հանդեպ:
Կարեն Նազարյանի դիտարկմամբ՝ Հայաստանն ու Սուրբ Աթոռն նույնական մոտեցումներ ունեն միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, որոնք քննարկվել են նաև Արարատ Միրզոյանի Վատիկան կատարած այցի ընթացքում և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-26-ը Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել էր նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, երախտագիտություն հայտնել 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի՝ խաղաղության ուղերձների և կոչերի համար։ Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել Հայաստանի վարչապետի ուղերձը։ Հայաստանի արգտործնախարարը մինչև Սրբազան քահանայապետի հետ հանդիպումը, Վատիկանի Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում մասնակցել էր «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագին՝ նվիրված Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Կարեն Նազարյան - Ի դեպ, հետաքրքրական էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Սուրբ աթոռ համընկավ Սուրբ Մարիամ պապական տաճարում պետական քարտուղար Պարոլինի կողմից մատուցված պատարագի հետ, որը նվիրված էր Հայաստանում խաղաղությանը, և որին մասնակցեցին Վատիկանում հավատարմագրված բազմաթիվ երկրների դեսպաններ, Սուրբ աթոռի պաշտոնատարներ, տեղական, հանրային գործիչներ և լրագրողներ: Նրանց ներկայությունը եկավ փաստելու Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ միջազգային հանրության կողմից դրսևորվող համերաշխության, համակրանքի և աջակցության մասին:
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանը վստահ է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը՝ Պետական քարտուղար Պիետրո Պառոլինի նախագահությամբ Հայաստան-Սուրբ աթոռ ամուր բարեկամական կապերի ևս մեկ վառ դրսևորում էր: