«Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-27-ն Օտտավա են մեկնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Կանադայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի, ադրբեջանական հակամարդկային և վայրագ շարունակական գործողությունները:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին, ընդգծել է Արցախի անկախության ճանաչմանն օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ ահազանգել, որ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության:
Ռոբերտ Օլիֆանթը բարձր է գնահատել 2018 թ. խաղաղ հեղափոխությունը և դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները ու հայտնել Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին:
«Հայաստանն ազատ ու ժողովրդավար երկիր է, սակայն դրա համար մենք շատ «բարձր գին» ենք վճարում, այն է՝ պատերազմը, սակայն մեզ համար մեր երկրի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը կարմիր գիծ են»,- ասել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Էնթոնի Ռոտայի հետ հանդիպման ժամանակ:
Ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ հատկապես դրանից հետո միջազգային գործընկերները Հայաստանը բնորոշում են որպես ժողովրդավար փոքրիկ կղզի՝ թուրքական մեծ ծովում, որին պետք է պաշտպանել: Հանդիպմանը հատկապես կարևորվել է ժողովրդավար երկրների դերն ավտորիտար Ադրբեջանից մեր «ժողովրդավար կղզու» պաշտպանության հարցում:
Խոսնակը նշել է, որ Կանադան՝ որպես ժողովրդավարական երկիր, պարտավոր է աջակցել ժողովրդավարական Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, այլապես այն խնդիրը, որն ունի Հայաստանը, վաղը կարող է ունենալ Կանադան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-կանադական բարեկամությանը, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը և այլ հարցերի:
Կանադայի խորհրդարանում հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու խորհրդարանական կապերը՝ այդ թվում երկկողմ փոխայցելությունների միջոցով:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Կանադա այցի շրջանակում ունեցել է մի շարք հանդիպումներ՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համատեղ պայմանավորվածություններ՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջև՝ ձեռք բերելու լավագույն պրակտիկան, որն ունի Կանադայի խորհրդարանը և կանադական պառլամենտական կենտրոնի հետ համատեղ ստեղծելու խորհրդարանների միջև համագործակցությունը խորացնելու նոր պլատֆորմ:
Ի պատիվ հայ պատվիրակության՝ ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Կանադայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ: