Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այն խնդիրներին, որոնք ծառացել են մեր առաջ, որոնց բախվել ենք, այն սխալներին, որոնք թույլ ենք տվել, կամ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մի մեծ գլոբալ խնդիր, որը թերևս ի վիճակի է ծածկել նույնիսկ իրենց ունեցած բոլոր հաջողությունները. «Այդ աղետը, այդ ողբերգությունը հայտնի է բոլորիս. դա 2020 թ. 44-օրյա պատերազմն է, մեր բազմաթիվ զոհերը, նահատակները, մեր կորուստները և մեր ողբերգությունը»:
«Հիմնական հարցը, որ պետք է պատասխանենք՝ ինչու այդպես ստացվեց»,- ասաց վարչապետը:
Նա նշեց՝ ՔՊ կուսակցության՝ հանրությանը ներկայացրած ծրագրին հավատարիմ է մնացել, սակայն կա դեպք, երբ ծրագրին հավատարիմ մնալը հաջողություն է բերել, կա դեպք՝ անհաջողություն: Եվ Լեռնային Ղարաբաղի խնդրի պարագան հենց այդ մասին է:
«Ինչո՞ւ այդպես եղավ. որովհետև մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը պետք է օգտագործենք իշխանություն մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Եվ ինչպես մենք ներքաղաքական առումով փորձել ենք գնալ մեր պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով՝ համաձայն ՔՊ կուսակցության ծրագրի, նույն կերպ էլ մենք գնացել ենք ԼՂ խնդրի հետևից: Եվ մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք ԼՂ-ի խնդրին»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այն փաստը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրեն ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ ինքը հայտարարել էր՝ Արցախը Հայաստան էր, և վերջ, մի բանի մասին է վկայում՝ ՀՀ անկախության առաջին օրից սկսած, ըստ էության, ՀՀ անկախության հիմունքները հետևողականորեն քայքայվել և փլուզվել են:
«Որովհետև հռչակագրի ընդունման առաջին օրից հետո, փաստորեն, այս ծրագրից հետևողականորեն հրաժարում է տեղի ունեցել ա՛յն ժամանակ, երբ 1991-ին ԼՂ-ն հռչակում էր անկախություն, ա՛յն ժամանակ, երբ բանակցային գործընթացում այս ծրագրից կատարելապես հրաժարում տեղի ունեցավ, և ա՛յն ժամանակ, երբ բազմիցս ասել եմ, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանում իշխող ուժը և մարդիկ, ըստ էության, ոչնչացրին նաև ԼՂ-ի անկախության հռչակման իրավական հիմքերը, և մենք, իշխանության գալով, առերեսվելով այս իրավիճակին, փորձեցինք, մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որ Հայաստանի պետականության հիմունքները նորոգվեն: Եվ մենք, ըստ էության, արձանագրեցինք, որ ՀՀ-ն, պետական իշխանության մակարդակով, 1998 թվականից մինչև 2018 թվականը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները: Հետո պարզեցինք, որ նույնիսկ մենք՝ մեր բոլոր ջանքերով, այլևս ի վիճակի չենք վերականգնել:
Եվ պարզվեց՝ ոչ ոք ընդհանրապես չի ուզում վերականգնել, հակառակ դեպքում այդ քննադատություններն այդ շեշտադրումներով չէին հնչի»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ վարչապետ ընտրվելուց հետո իր առաջնային ջանքերն ուղղված են եղել ԼՂ-ի՝ որպես բանակցողի կարգավիճակի վերականգնմանը:
«Եվ մենք այստեղ էլ հավատարիմ ենք մնացել մեր տեքստերին: Բայց արդյունքում պարզվեց, որ այս բոլոր պատմություններն այլևս դուրս են Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից, քանի որ ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում, և միակ բանը, որ կարող է որոշել, հլու կատարել այլ տեղերում կատարվող և կայացված որոշումները:
Եվ, այո՛, եթե մենք սխալ ենք կատարել, այդ սխալը հետևյալն է՝ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին: Այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ-ի խնդրի համատեքստում, այդպես վարվել ենք, որովհետև հասկացել ենք, որ դրանով կկորցնենք ինքնիշխանությունը և պետականությունը: Մենք հասկացել ենք, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէ:
Եվ պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ-ին, նրա անկախությանը, ինքնիշխանությանը և սուվերենությանը: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում՝ այսօր էլ ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ են:
Եվ մենք այսօր բարձր ու հստակ պետք է հայտարարենք ու արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկի չենք զիջի:
Եվ մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում: