Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» համաժողովին։
Մարզպետը «Կանայք բիզնեսում և կյանքում» թեմայով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կանանց հզորացման ուղղությամբ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերին` կարևորելով պետական, մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդումը:
Համաժողովին ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ Նարգիս Ազիզովան, Շվեյցարիայի զարգացման համագործակցության ազգային ծրագրի ավագ պատասխանատու Արթուր Փոքրիկյանը, Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:
Համաժողովի նպատակը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտային մասնագետների համախմբումն է, փորձի փոխանակումը, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման քաղաքականության բարելավման եղանակների քննարկումը: