ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովի ժամանակ տեղեկացրեց՝ օրակարգի առանցքային հարցերը հետևյալն են՝ կուսակցության նոր ծրագրի և կանոնադրության ընդունումը, վարչության նոր կազմի և կուսակցության վարչության նախագահի ընտրությունները:
Վարչապետը տեղեկացրեց՝ սա երրորդ համաժողովն է, որ ՔՊ-ն անցկացնում է կառավարող կուսակցության կարգավիճակում: Եվս 3 համաժողով անցկացրել է որպես ընդդիմադիր կուսակցություն:
«Շատ կարևոր է, որ մենք բոլորս վերհիշենք՝ ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց այս ամենը: Իսկ սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում ընտրությունները շարունակաբար կեղծվում են, որ մարդիկ հետապնդվում են կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար, որ հեռուստատեսային եթերը վերահսկվում է, որ միջոցներ են ձեռնարկվում համացանցային բովանդակությունը նույնպես վերահսկելու համար, որ կոռուպցիան դարձել է հանրային հարաբերությունների առանցքային համակարգ: Կարճ ասած, որ մարդիկ ազատ չեն և մարդկանց ազատությունն ապահովված չէ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անազատությունը արտահայտվում էր նաև տնտեսական գործունեության մեջ, որովհետև տնտեսությունը խստորեն կառավարվում և քվոտավորված էր, մարդիկ ներմուծում-արտահանում, ներդրումներ իրականացնում էին բացառապես իշխանության վերնախավի թույլտվությամբ:
««Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի, որ այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ապօրինությունները, ամենաթողությունը, տնտեսական մենաշնորհները քամում են, մսխում են երկրի կենսունակությունը, խաթարում ապագան: Մենք տեսնում էինք, որ մեր աչքի առաջ քայքայվում են մարզերն ու հեռավոր բնակավայրերը, փակվում ու քայքայվում դպրոցները, երեխաների շրջանում անգրագիտությունը մեծ տեմպերով ծավալվում է, մարդիկ զրկվում են կրթություն ստանալու իրավունքից, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը»,- ասաց վարչապետը:
«Պիտի խոստովանեմ, որ մենք այդպես մտածող միակ խումբը չէինք Հայաստանի Հանրապետությունում: Իրականում մենք այդպես մտածող ավելի մեծ խմբի մաս էինք, որովհետև, ըստ էության, մեր մասնակցությունն էինք ունեցել երրորդ հանրապետության գրեթե բոլոր ընդդիմադիր, ժողովրդական շարժումներին, որոնք որպես օրակարգ ունեին վերը նշված հարցերը կամ նրանց մի մասը: Այդ առումով մենք ամենևին էլ բացառիկ չէինք և առաջինը չէինք։
Մենք առաջինն էինք ուրիշ բանում, նրանում, որ հարց բարձրացրինք՝ որ եթե ընդդիմադիր շարժումներն ամեն անգամ և շարունակաբար ձախողվում են, գուցե ինչ-որ բան սխալ են անում, գուցե խնդիրը ոչ միայն իշխանության բիրտ և կոռումպացված լինելու, այլև ժողովրդին առաջնորդող ուժի, ընդդիմադիր առաջնորդության գործելու մեր մեթոդաբանության և գաղափարաբանության մեջ է»,- ասաց վարչապետը՝ նշելով «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, հետագայում՝ կուսակցությունը, այդ հարցն է դրել իր գործունեության հիմքում:
Նրա խոսքով՝ իրենք առաջնային խնդիր հռչակեցին պետության հիմքը նորոգելու հարցը և հանրության առաջ հանդես եկան կոնկրետ ծրագրով, որը հաստատվեց 2015 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարում: