Made in Armenia նշումով ապրանքները փորձում են տեղ գտնել ամերիկյան շուկայում։ Առաջին քայլերը սկսում են հայկական մեծ համայնք ունեցող Լոս Անջելեսից։ Հայաստանցի երկու տասնյակից ավելի դիզայներ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ այստեղ է եկել՝ ներկայացնելու հայկական նորաձևության վերջին թրենդները՝ հագուստի, պայուսակի, զարդերի գեղեցիկ նմուշներով։
Լիլիթ Օդաբաշյան (Buyarmenian.com-ի համահիմնադիր) - Կուզենք, որ made in Armenian-ն, ինչպես Made in China, USA, ճանաչված լինի ոչ միայն հայերի, այլև օտարների կողմեն:
Սա նորաձևության ոլորտում աշխատող հայաստանյան ընկերությունների առաջինն ցուցադրությունն է, որը, կազմակերպիչների համոզմամբ, երկար ճանապարհի սկիզբն է։
Նշան Օդաբաշյան (Buyarmenian.com-ի համահիմնադիր) - Այս երկու տարում նկատեցինք, որ հայկական ապրանքը բավական որակյալ է, պարզապես մարքեթինգն է տկար։ Ու կապ ստեղծեցինք, որ հայկական ապրանքը վաճառվի այլ երկրների մեջ։
Հայաստանյան կողմից միջոցառման կազմակերպիչը Նորաձևության դիզայնի պալատն է։ Ասում են՝ առաջին ցուցադրության մասնակիցներին ընտրել են ամերիկյան շուկայի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո։
Էլեն Մանուկյան («Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ համահիմնադիր) - Փորձել ենք համաձայնեցնել տեղի շուկային, ընտրել ենք լավագույններին: Առաջին անգամ էր, ուզում էինք ներկայացուցչական ներկայանալ՝ լինեին բրենդներ, որոնք հավաքածուներ ունեն, պարբերաբար ներկայանում են, կարող են արտադրանք տալ և շարունակել համագործակցությունը։
Հայաստանցի դիզայներներն ասում են՝ Լոս Անջելեսում ապրող հայերի զգալի մասը վաղուց Հայաստանում չի եղել, չի էլ պատկերացնում՝ որքան է փոխվել հայկական նորաձևությունը։ Այն արդեն Միլանում է բեմեր նվաճում։ Ասում են՝ ցանկանում են ամերիկահայերին, հետո՝ նաև ամերիկացիներին ասել՝ Հայաստանն ունի նորաձևության ներուժ, պայծառ գաղափարներ ու որակյալ հագուստ։ Այս ամենն ըստ հայ դիզայներների, նախապայման են Ամերիկայում հաջողելու համար։
Վահան Խաչատրյան («Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ) - Մրցակցությունը շատ մեծ է, բայց ամեն ինչի մեջ մի փոքր հայկականություն կա: Բացի դրանից՝ նորաձևությունն այն է, որ մարդիկ ոչ թե խղճահարությունից առնեն, այլ նայեն, հասկանան, որ իրենք դա կկրեն, և հարմար լինի նաև իրենց գրպանին: Եվ ընտրելիս այդ ամենը հաշվի ենք առել, որ տարազ չի, սուվենիր չի, որ իրոք կրելու համար որակյալ ապրանք է:
Ցուցադրությունը կազմակերպվել էր Գլենդեյլի սրահներից մեկում։ Առաջին իսկ ժամից սրահը եռում էր։
Մարիամ Մելիք-Բախշյան (դիզայներ) - Մենք փորձում ենք ձեռքի աշխատանքը դարձնել կատարյալ, համադրել այսօրվա թրենդների հետ և գուցե նոր խոսք ասել: Կարևոր է նաև պահպանել որակը։
Անի Մանուկյան (դիզայներ) - Ոչ սինթեթիկ, յուրահատուկ, ինչ-որ չափով հայկական էլեմենտներով, բայց ոչ ճչացող: Ու փորձել ենք առաջ տանել դա։
Հելենա Թադևոսյան (դիզայներ) - Մենք ափսայքլինգով ենք զբաղվում՝ վինտաժային հագուստները մենք ռեդիզայն ենք անում և երկրորդ կյանք տալիս։ Ամերիկայում այս արժեքներն ավելի տարածված են, Հայաստանում նոր է: Պատերազմի ժամանակ ենք հիմնել բրենդը, որ մարդիկ հասկանան, որ կյանքը կանգնած չէ, և պետք է ավելի լուսավոր ու լավ պրոյեկտներով մեր երկրի գրավչությունը մեծացնել և մեր երկիրը ավելի լավ տեղ սարքել բոլորի համար։
Թալին Մուրադյան (Armenia Empowered կազմակերպության ներկայացուցիչ) - Շատ լավ որակ է, մի բան, որ ամենը պիտի տեսնեն և նկատի ունենան, որ Հայաստանում էլ սենց շորեր կան:
Buy Armenian կազմակերպությունը հայտնեց, որ նորաձության ցուցադրությունը հայկական արտադրանքը ՄՆ բերելու առաջին, բայց ոչ միակ ձևն է։ Հաջորդ ամսից հայկական վեց ընկերությունների չիրը, քացախը, մեղրն ու նուգան կհայտնվեն ամերիկյան հայտնի՝ TJ-MAXX և Home Goods խանութներում։
Նշան Օդաբաշյան - Սրանով բավական հպարտ ենք և պիտի փորձենք ընդարձակել շուկան։
Ամերիկահայերն ակնկալում են, որ կհաջողեն ամերիկյան հագեցած շուկայում ավելացնել հայկական արտադրության տեսականին ու ծավալը հայկականի որակի ու ինքնատիպության շնորհիվ։