Համաշխարհային հայկական գագաթնաժողովը Երևան է բերել ավելի քան 50 երկրի 600 մասնակցի: Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու համար երեք օր քննարկվելու է, թե ինչպես Սփյուռքի ներուժն օգտագործելով ստեղծել նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ գործակցություն: Ոլորտները տարբեր են՝ ազգային անվտանգությունից կրթություն ու առողջապահություն, տնտեսությունից մինչև հայրենադարձություն: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է բացատրում, թե ինչու նախկինում այս մեխանիզմը ամբողջությամբ չի գործել:
Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Անցյալում էսպիսի մի պայմանավորվածություն է եղել՝ լուռ պայմանավորվածություն, որ դուք մի քիչ փող եք տալիս մեզ, հիմնականում որպես բարերար, բարեգործություն, աչք եք փակում ամեն ինչին, Հայաստանի կործանմանը, Հայաստանի գահավիժմանը, մեր թուլացմանը և ապագա նաև պարտությունների պայմանների ստեղծմանը, մենք էլ ձեզ մեդալներ ենք բաժանում ու ձեզ գովաբանում ենք ու ասում ենք՝ ամեն ինչ շատ լավ է, ու մեզ լավ ենք զգում և հետո հասանք էն կետին, որ հասանք:
Հայաստան-Սփյուռք կապերն այժմ փոխակերպման փուլում են՝ համոզված է ԱՄՆ Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աննա Օհանյանը, հիշեցնում՝ այդ հարաբերությունները հիմնականում ձևավորվել են սառը պատերազմի ընթացքում, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, և այդ իրողությունները հաշվի առնելով են կողմերը հաստատել իրենց գործառույթները:
Աննա Օհանյան (Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր) - Բայց հիմա քանի որ աշխարհը առաջ է շարժվում, ռիսկերով և հնարավորություններով հանդերձ՝ ստրատեգիկ համակարգ է անհրաժեշտ ստեղծել: Ամենադժվար բանն է մեխանիզմ ստեղծել, որ Սփյուռքում ցանկացած հայ, հատկապես եթե հայերեն չի խոսում, կարողանա մեխանիզմը գտնել՝ պրոֆեսիոնալ առումով կապվելու Հայաստանի հետ:
Ակնկալվում է, որ համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները պետք է սահմանեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որի միջոցով Հայաստանը կարող է գործակցել Սփյուռքի հետ: Ներկայի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողության պայմաններում այստեղ առանձնակի կարևոր է դառնում Հայաստանի անվտանգության հարցը:
Հրաչյա Արզումանյան (քաղաքական գիտությունների դոկտոր) - Մենք ունենք լավագույն մասնագետներ անվտանգության ոլորտում, որ 30 տարվա ընթացքում չէին ներգրավվում էդ աշխատանքների մեջ: Հիմա գալիս է էն ժամանակը, երբ մենք ուրիշ ելք չունենք, մենք պիտի կենտրոնացնենք մեր ամբողջ ներուժը նաև անվտանգության ոլորտում, որ կարողանանք կառուցել նման համակարգ:
Սփյուռքում մեծ հնարավորություններ կան, և լավ աշխատելու դեպքում հաջողությունները սպասվածից շատ կարող են լինել՝ ասում է գագաթնաժողովին մասնակցելու եկած՝ Ֆրանսիայի Վիենի փոխքաղաքապետը: Լևոն Սաքունցի խոսքով՝ առաջնային է նաև համահայկական ռեսուրսի ճիշտ հաշվարկումն ու համակարգված աշխատանքը.
Լևոն Սաքունց (Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ) - էն լավ սինքրոնը «Ցանկացած պետությունում ունենք մեկ դեսպան, երևի 1-2 կամ 3 հյուպատոս, բայց նաև ունենք հազարավոր և հարյուր հազարավոր փոքրիկ դեսպաններ: Այդ փոքրիկ դեսպանները կարող են պասիվ լինել, չգործել, բայց նրանց հետ ճիշտ աշխատելով՝ մենք կարող ենք այդ դեսպաններին սարքել մեծ դեսպաններ և ունենալ աշխարհում մի քանի միլիոն Հայաստանի դեսպան:
Գագաթնաժողովին նախատեսված է 10 պանելային քննարկում, 15 նիստ և երկու առանձին հանդիպում ազատ ձևաչափով: Հաստատված առաջարկները, որոշումներն ու արդյունքները համահայկական օրակարգում նոր մոտեցումներ մշակելու հիմք են դառնալու: