ՀՀ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. ՓԱՇԻՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության պետականությունը նոր տեսության կարիք ունի. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մեջբերեց Հայաստանի անկախության հռչակագրից, եզրակացրեց, որ նախորդ 30 տարիների ընթացքում հետևողականորեն շեղում է եղել անկախության հիմունքներից, դրանք շարունակ քայքայվել ու փլուզվել են: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին էլ կառավարող ուժը փորձել է մոտենալ մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում:
Ասաց՝ վարչապետ ընտրվելուց հետո իր առաջնային ջանքերը ուղղված են եղել ԼՂ-ի՝ բանակցող կարգավիճակի վերականգնմանը, բայց պարզվեց՝ այդ ամենը դուրս է Հայաստանի վերահսկողությունից, որովհետև մեր երկիրը 3 տասնամյակի բանակցությունների ընթացքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի նկատմամբ:
Պարզվեց, որ այդ համատեքստում միակ բանը, որ Հայաստանը կարող է անել, այլ տեղերում կայացված որոշումները հլու կատարելն է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եթե մենք սխալ ենք, արել, այդ սխալը հետևյալի մեջ է, որ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին, բայց այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ խնդրի համատեքստում: Այդպես վարվել ենք, որովհետև հասկացել ենք, որ դրանով կկորցնենք ինքնիշխանությունը և պետականությունը:
Վարչապետն ասաց՝ իրենց կառավարման ընթացքում ամենամեծ անհաջողությունը, աղետն ու ողբերգությունը 44-օրյա պատերազմն է՝ բազմաթիվ զոհերով ու կորուստներով: Այդ թեմային անդրադառնալուց առաջ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը:
ՌԴ-Ն ԼՂ ԵՎ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Խոսելով բանակցային գործընթացից՝ Փաշինյանն անդրադարձավ այն պնդումներին, թե կա Ղարաբաղի հարցի լուծման ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան տարբերակը, որը, իբր, բացասական է, և Հայաստանի կառավարությունը մերժում է ռուսական ծրագիրը և ընդունում արևմտյանը:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետությունը ռուսական ընկալման հետ համաձայնել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021-ի հունվարին: Անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն ԼՂ և ՀՀ անվտանգության երաշխավորն է:
Վարչապետը վերահաստատեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը ևս պատրաստ է ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը և դա հիմք ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Ռուս խաղաղապահների գործունեության ժամկետի երկարաձգմանն էլ վարչապետը դեմ չէ:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՊԿ ՆԻՍՏԻՑ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների օրինակով Փաշինյանն էլ Հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից որոշ տեղեկություններ հրապարակեց:
Հոկտեմբերի 28-ի այդ քննարկումը վարչապետը գնահատում է բաց ու անկեղծ:
Նիկոլ Փաշինյան - Մեզ ասում են՝ տեսեք, արևմտյան, ԵՄ դիտորդները եկան Հայաստան, ո՞վ է հրավիրել իրենց, էդ ո՞վ է հրավիրել, ես ասում եմ՝ ես: Իսկ հրավիրել եմ մի պարզ պատճառով կամ երկու պարզ պատճառով, կամ ավելի ճիշտ մեկ պարզ, մեկ բարդ պատճառով: Բարդ պատճառը հետևյալն է, որ, ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածությունների, պայմանագրերի, ադրբեջանական օկուպացիային ՀԱՊԿ արձագանքը համարել եմ ոչ պատշաճ, և երկրորդ՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը ԵՄ-ին ներկայացնում է հետևյալ պատկերը, որ Հայաստանի կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքիշխանությանը, անկախությանը և անվտանգությանը: Եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ժողովրդավարական երկիր եք, ոնց-որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ի՞նչ եք ռուսական զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի համար: Եվ ես ասացի` գիտեք ինչ, եթե մեր փաստարկները ձեզ համար համոզիչ չեն, դիտորդական առաքելություն ձևավորեք, եկեք, տեսեք՝ տեղում ինչ է կատարվում:
Փաշինյանը կարևորել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը ՀԱՊԿ-ում օբյեկտիվ արձանագրելուց հետո քաղաքական գնահատական լինի, հետո էլ ընդունվի ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ, որը կարող է լինել դիվանագիտական աշխատանք Ադրբեջանի հետ: Եթե դա չաշխատի, ՀԱՊԿ-ը պետք է ուժային գործողություն պլանավորի Հայաստանի՝ անդամ պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Արտաքին գործերի նախարարներին տրված հանձնարարականը հենց այդ խնդիրը լուծելու մասին է:
ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿ
Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրի լուծման արևմտյան առաջարկներին, դրանք, ըստ վարչապետի, նույնպես ընդունելի են:
Նիկոլ Փաշինյան - Տարբերակներից մեկի համաձայն՝ հիմա եկեք Ղարաբաղի հարցի վրա շատ չկենտրոնանանք, այս վիճակը համարենք ստատուս քվո, լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը, մյուս մոտեցումն այն է, որ եկեք, գնանք, լուծենք ԼՂ հարցը: Հարց կծագի՝ ով է համարում Ադրբեջանի մաս, ով՝ չէ: Միջազգային հանրությունը, բոլոր պետությունները, առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:
Խաղաղության ճանապարհին վարչապետը կարևոր համարեց, որ լինի այդ պայմանավորվածությունների երաշխավոր: Ով է, որ օգնում է խաղաղության հասնելուն և երաշխավորում պայմանավորվածությունների կատարումը: Այս կարևոր հարցի լուծման ուղղությամբ Հայաստանը պետք է աշխատի:
Նիկոլ Փաշինյան - Եվ ես ուզում եմ արձանագրել, որ մենք այսօր բարձր և հստակ պիտի հայտարարենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքիշխանությունը, մեր սուվերենություն ու անկախությունը որևէ մեկի չենք զիջի:
Փաշինյանը ելությում անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման ընթացքում գրանցված հաջողություններին ու անհաջողություններին՝ չկեղծվող ընտրություններ, ժողովրդավարական մակարդակի բարձրացում, տնտեսական ազատություն ու աճ, կենսաթոշակների բարձրացում, բարեփոխումներ կրթության ոլորտում:
Վարչապետը շեշտեց՝ քաղաքացիների ակնկալիքները հակակոռուպցիոն պայքարից ավելին էին, քան եղած արդյունքները, ընդգծեց՝ այս հարցում իրենք գնում են ինստիտուցիոնալ ճանապարհով:
Հիշեցրեց կուսակցության երեք առաջնահերթությունները՝ համապարփակ խաղաղության հաստատում, պրոֆեսիոնալ, մարտունակ բանակի ձևավորում, բարձրորակ և հասանելի կրթական համակարգի ստեղծում:
Հեղինակ` Աննա Զախարյան