ՄԱԿ-ը պահում է կապը Ռուսաստանի իշխանությունների հետ՝ կապված հացահատիկի գործարքին մասնակցությունը կասեցնելու Մոսկվայի որոշման հետ։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հացահատիկի գործարքը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Մոսկվան ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը «հացահատիկի գործարքին»՝ Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով:
Ռուսաստանի արտգործնախարարությունից հաստատել էին տեղեկությունը՝ հավելելով, որ Մոսկվան նման պայմաններում չի կարող երաշխավորել գործարքի կյանքի կոչման գործում ներգրավված քաղաքացիական բեռնանավերի անվտանգությունը: