Փողոցով անցնող բեռնատար մեքենան առաջին հայացքից պահպանել է բոլոր նորմերը. ծածկը տեղում է, բոլոր կողմերից փակ է: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:
Բեռնատար մեքենաների համար սահմանված նորմերը չպահպանելու, օրեցօր աճող շինհրապարակներում աշխատանքները առանց ջրցան մեքենաների իրականացնելու, աղբը կուտակելու, մեծ քանակի վառելիքի այրման, կանաչապատ տարածքների ոչնչացման հետևանքով Երևանում օդն աղտոտված է: Ուսումնասիրությունները փաստում են, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը: Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը հոկտեմբերի սկզբին նորմայից ավելի է եղել 1.8 անգամով:
Գոհար Հակոբյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ) - Ամենաշատ աղտոտվածություն դիտվում է կրկեսի դիտակայանում, Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկում գտնվող՝ գրեթե շաբաթվա բոլոր օրերին հատկապես փոշով գերազանցումներ, մնացած դիտակայաններում գերազանցումներ ունենում ենք առանձին օրերին:
Սեպտեմբերի 21-ի ուժեղ քամու ժամանակ Երևանում օդի աղտոտվածության ահռելի գերազանցում է գրանցվել՝ ասում է մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության պետը: Օդի աղտոտվածության թույլատրելի սահմանաչափը գերազանցվել է 12 անգամ:
Գոհար Հակոբյան - Նորքի դիտակայանում 12 անգամ, ունեինք Կենտրոնում 8 անգամ, 7 անգամ, Արաբկիրում՝ 4,5 անգամ, երբ անձրև եկավ, մի քիչ նստեց:
2021 թ. փոշու սահմնանային թույլատրելի կոնցենտրացիան 1,3 անգամ գերազնացել է թույլատրելի նորմը: Գոհար Հակոբյանը նշում է, որ իրենք կարողանում են միայն 5 կայանի տվյալներով ուսումնասիրություն իրականացնել, այնինչ ամբողջական պատկեր ունենալու համար դա բավարար չէ: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուրնազյանը վստահեցնում է՝ դիտակետերի ավելացումը միայն թվերը ավելի հստակ է դարձնելու, բայց այսօր ավելի առաջնային է պարզել՝ ինչ տարրեր կան մթնոլորտային օդում, և ինչպես օդը հնարավորինս արագ մաքրել դրանցից:
Վիկտորյա Բուրնազյան («Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ) - Մեր մոնիթորինգի կենտրոնը մի քանի տարրերի ուսումնասիրություն է իրականացնում, բայց կան այլ ուսումնասիրություններ, որ մենք փաստում ենք, որ օդում հայտնաբերվել են սնդիկ, մկնդեղ, ծանր մետաղներ, իսկ դրանց ուսումնասիորություն չի արվում:
Վիկտորյա Բուրնազյանն ասում է՝ Երևանում օդի աղտոտման հիմնական պատճառը հանքերն ու շինհրապարակներն են և միայն հետո՝ տրանսպորտը: Իսկ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը կանաչ տարածքների ավելացումն է, այնինչ բնապահպանի խոսքով՝ Երևանը կորցրել է իր կանաչ թոքերը:
Վիկտորյա Բուրնազյան - Մենք կորցրել ենք Դալմայի այգիները, Նորքի անտառները, Հաղթանակի զբոսայգու անտառային շերտերը, մենք բակերի կանաչն էլ ենք կորցնում: Իհարկե լավ է, որ կանաչապատում, ծառատունկ արվում է, բայց դրանք բավարար չեն:
Բոլոր տասը հանքավայրում, որտեղ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերջին մեկ տարում ստուգում է իրականացրել, գերազանցվել են արտանետումների սահմանային թույլատրելի չափաքանակները, նշանակվել է 3 մլն 710 հազար դրամի տուգանք: Պարզվել է, որ ստուգված 32 շինկազմակերպությունից 2-ն աշխատել են առանց սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի՝ չունենալով արտանտեումների թույլտվություն, իսկ 29-ում խախտվել են շինհրապարակներում օրենքով սահմանված պահանջները: Նշանակված վարչական տույժը կազմել է 4 մլն 950 հազար դրամ: Շինանյութ տեղափոխող բեռնատարի՝ առանց անթափանց ծածկոցի շահագործման 44 դեպք է արձանագրվել, նշանակված վարչական տույժը կազմել է 2 մլն 200 հազար դրամ: ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի խոսքով՝ այդուամենայնիվ, դրական փոփոխություն նկատվում է:
Արմեն Լաբլաջյան (ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետ) - Մեծ մաշտաբային աղտոտվածությունը բավականին կրճատվել է, դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ մենք պարբերաբար հանդիպում ենք տնտեսվարողների հետ: Տեսուչները ֆիքսել են, որ վերջերս շինհարապարակները բավականին խոնավացված վիճակում են եղել, ջրցան մեքենաներ կան, ու պարբերաբար ջրվում են:
Վիկտորյա Բուրնազյան - Փոշին տարածվում է մեր շինհրապարակներից: Եթե ցերեկը շինարարաները կարող են ջրել հրապարակները, 6-ից հետո քամին բարձրանում է, և օդում մեծ քանակի փոշի է լինում:
Բուրնազյանի կարծիքով՝ օր առաջ պետք է մայրաքաղաքում կանաչ գոտիներ ստեղծվեն, քանի որ կեղտոտ օդը միայն էկոլոգիական խնդիր չէ, այլև՝ առողջական: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն էլ վկայում են, որ օդի աղտոտվածությունն աշխարհում տարեկան 7 մլն մարդու մահվան պատճառ է դառնում: