Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Սոցիալական արդարությունը դպրոցում. հավասարություն և հնարավորություն բոլորի համար» խորագիրը կրող ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Համաժողովին մասնակցում են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության բնագավառի մասնագետներ, հետազոտողներ, տեղական և միջազգային փորձագետներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է խնդիրների քննարկումը՝ առանց որոնց, ըստ նախարարի տեղակալի, անհնարին կլինի ապահովել կրթության որակի բարելավումը:
«Սոցիալական արդարության գաղափարը բազմաշերտ երևույթ է․ դրան կարելի է մոտենալ տարբեր կողմերից, որոնք բոլորն էլ իրենց տեղը, ճշմարտությունը և ազդեցությունն ունեն կրթական գործընթացի վրա։ Ինքս դեռ շատ վաղուց հետաքրքրվել եմ սոցիալական արդարության թեմայի ուսումնասիրությամբ: Կարծում եմ՝ բոլորս առնչվում ենք մի երևույթի, երբ երեխաները դպրոց գնալուց որոշ ժամանակ անց, սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները։ Հանդես գալով նախարարության դիրքից՝ պետք է նշեմ նաև, որ մեր անելիքն է հասկանալ, թե որքանով են պետության ձեռնարկած քայլերը և անելիքները սոցիալապես արդար»,- նշել է նախարարի տեղակալը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ որ հանրակրթության նոր չափորոշչի առաջնային խնդիրներից մեկը սոցիալապես ավելի արդար կրթական համակարգ ունենալն է․ «Նոր չափորոշչում սոցիալական արդարությունը դրսևորվում է բոլոր դպրոցներում նույն պայմանների և նույն հնարավորությունների ապահովման պահանջի տեսքով։ Սա արդարության ապահովման ամենակարևոր նախապայմաններից է։ Սոցիալական հավասարության խնդրի արտահայտման ամենատարրական օրինակը կարելի է տեսնել ավագ դասարաններում, երբ որոշ դպրոցներ, ի տարբերություն մյուսների, ունեն այլ՝ առավել բարենպաստ միջավայր և հնարավորություններ։ Խոսքն ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար հոսքային ուսուցման հնարավորության մասին է, որից զրկված են միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները։ Սա ամենապարզ ու տարրական օրինակներից է, թե ինչպես կարող է պետական քաղաքականության մակարդակում լինել տարբերակված մոտեցում, որն իր հերթին բերում է անհավասարություն ու անհամաչափություն, ինչն էլ հիմք է հանդիսանում ոչ արդար կրթական համակարգի և պայմանների ձևավորմանը։ Նոր չափորոշիչն այս խնդիրը լուծում է՝ նույն մոտեցումը հասանելի դարձնելով մեր բոլոր դպրոցների ու բոլոր երեխաների համար»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, որպես օրինակ, անդրադարձել է նաև բազմահամակազմ դասարաններին։ Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ է համարել այն փաստը, որ փոքրաթիվ երեխաներ ունեցող բնակավայրերում աշակերտները տարիներ շարունակ ստիպված են եղել իրենց կրթությունն իրացնել այլ դասարանների երեխաների հետ, որի հետևանքով ուսուցիչը նրանցից յուրաքանչյուրին կարողանում է հատկացնել շատ ավելի քիչ ժամանակ, քան դա հնարավոր է անել մյուս դպրոցներում․ «Սա իր հերթին անհավասարության մեկ այլ՝ շատ վատ ցուցիչ է և բացասական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Մենք հրաժարվում ենք բազմահամակազմ դասարաններում դասեր անելու մոտեցումից՝ պնդելով, որ մեր երկրի բոլոր երեխաների համար պետք է ունենանք կրթության նույն հնարավորությունները։ Օրինակները շատ են։ Կան խնդիրներ, որոնք շատ տեսանելի են բոլորիս համար, բայց կան իրավիճակներ, որոնց մենք հարմարվում ենք` դադարելով դրանք նկատել և մտածում ենք՝ այդպես էլ պետք է լիներ։ Կարծում եմ՝ անարդար իրավիճակի ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց այն է, երբ խնդիրները դառնում են անտեսանելի»։
Նախարարի տեղակալն ընդգծել է`ԿԳՄՍ նախարարությունը քաջ գիտակցում է իր դերը և քաղաքականության մշակման ուղղությամբ պետության անելիքը․ «Կարծում եմ՝ որևէ մեկս իրականությունը թաքցնելու կարիք չունի։ Պետք է պարզապես գործընկերային սկզբունքով միասին լուծենք խնդիրները, որոնք շատ են»։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ուսուցիչների գործունեության մեջ անարդարությունը գնահատման համակարգի միջոցով է դրսևորվում։
«Տեսնում ենք, թե ինչպես գնահատման համակարգը նույնպես կարող է դառնալ անարդար իրավիճակների ձևավորման շատ ուղիղ հիմք և գործոն։ Այս բոլոր ուղղություններով ունենք բազում անելիքներ։ Անշուշտ, շատ կարևոր է, որ սոցիալապես արդար քաղաքականությունն ուղղված լինի նաև ուսուցիչներին։ Այս առումով այժմ մշակում ենք շատ կարևոր փաստաթուղթ՝ հենվելով հենց ուսուցչական կազմակերպությունների և նրանց հետ աշխատանքի վրա։ Խոսքը բարեվարքության կանոնների մասին է։ Կարծում եմ՝ այս փաստաթղթի կարիքը բոլորս տեսնում ենք, բայց այն պետք է մշակենք ուսուցիչների հետ միասին։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համատեղ աշխատել, որպեսզի այս առումով ևս առաջընթաց ունենանք»,- խոսքն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
«Սոցիալական արդարությունը դպրոցում. հավասարություն և հնարավորություն բոլորի համար» ուսուցչական համաժողովի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, մանկավարժական առաջավոր փորձի և հաջողված լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին:
Համաժողովի անցկացումը նախաձեռնել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը։
Սոցիալական արդարության վրա հիմնված կրթությունը, ըստ կազմակերպիչների, առաջնորդվում է 4 հիմնական սկզբունքներով՝ հավասար հասանելիություն և մատչելիություն բոլոր երեխաների համար, իրավունքների պաշտպանվածություն և փոխկապակցվածություն՝ անկախ գտնվելու վայրից, որակյալ կրթություն բոլորին, ինչպես նաև երեխայակենտրոն մոտեցում։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են պանելային քննարկումներ, սեսիաներ հանրակրթության բնագավառում սոցիալական անարդարության, բուլլինգի կանխարգելման, դպրոցական սննդի ապահովման կարևորության, ազգային փոքրամասնություն համարվող երեխաների դպրոցական կրթության իրականացման և այլ թեմաներով։ Նախատեսվում են առցանց միացումներ միջազգային բանախոսների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ։ Պանելային քննարկումներին մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։
Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել են նաև «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Իրինա Ալեվերտը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։