Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ մտադրությունների վերաբերյալ շարունակվում է ապատեղեկատվություն տարածվել, այդ թվում՝ Մոսկվայի կողմից՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, հավելել՝ Միացյալ Նահանգները երկու երկրների գործընկերն է տասնամյակներ շարունակ:
«Հարավային Կովկասի երեք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է, չկա: 1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը ճակատագրական իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը՝ անկախ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ համագործակցության միակ նպատակն այն է, որ վերջ տրվի բռնությանը, և երկու երկրները կանգնեն «ամուր և համապարփակ խաղաղության ճանապարհին»: Նա հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը:
ԹԲԻԼԻՍԻՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ. ԿԼԱԱՐ
Թբիլիսին Երևանին և Բաքվին միավորելու մեծ ներուժ ունի՝ հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընդգծելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։ Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը, հաղորդակցությունների և առևտրային հարաբերությունների վերականգնումը շահավետ կլինի հատկապես հարավկովկասյան երեք երկրի համար:
«Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ազդում է Վրաստանի վրա: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկան խաղաղ բանակցություններ, շփման պատրաստակամություն և ազատ առևտուր, անդրադառնում է նաև Վրաստանի վրա։ Այս հակամարտության պատճառով երեք երկրներն էլ, այդ թվում և Վրաստանը, կորցնում են տնտեսական հնարավորությունները»՝ հայտարարել է Կլաարը՝ հավելելով, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում:
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ. ԲԱՅԴԵՆ
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ երկրում չափազանց հաճախ են հանդիպում քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքեր: Ջո Բայդենը հայտարարությունն արել է՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա իրականացված հարձակման դեպքին։
Նա ընդգծել է, որ հարձակվողը նույն խոսքերն է բղավել, ինչ և անցյալ տարվա հունվարին Կապիտոլիումի գրոհի մասնակիցները. «Որտե՞ղ է Նենսին»: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը մեղադրել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին երկիրը պառակտելու համար՝ մանրամասնելով, որ հանրապետականների որոշ հայտարարություններ «քայքայում են երկրի քաղաքական միջավայրը»։
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ 275 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Պենտագոնը հաստատել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրելու լուրը: Կիևին օգնություն հատկացնելու մասին ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ ԱՄՆ-ն արդեն ավելի քան 20 աջակցության փաթեթ է տրամադրել Ուկրաինային: Լրատվամիոցներին տված հարցազրույցում Քիրբին հիշեցրել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ուկրաինային օգնությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է, ՈՐ ՌԴ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԱՍՆԱԿԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԸ
Ուկրաինայի նախագահ կասկած է հայտնել, որ Ռուսաստանն արդեն ավարտել է մասնակի զորահավաքը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանին պատերազմը շարունակելու համար ավելի շատ մարդ է անհրաժեշտ, քանի որ, Զելենսկու խոսքով, «առաջնագծում իրավիճակն այլ բան է ասում»:
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարը Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին:
Շոյգուի խոսքով՝զորակոչվել է 300 000 մարդ, որոնցից 82 հազարն արդեն ուղարկվել է ռազմական գործողությունների գոտի։ «Ժամկետային զինծառայողներն այնքան վատ են պատրաստված, որ շատ շուտով Ռուսաստանը ստիպված կլինի մարդկանց նոր խմբերի ուղարկել պատերազմ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
ԻՐԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՌԴ-ԻՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ուկրաինացի գործընկեր Դիմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցում հերքել է Ուկրաինայի դեմ պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին հայտարարությունները՝ Կիևին խորհուրդ տալով չտրվել եվրոպական որոշ ծայրահեղ քաղաքական գործիչների ազդեցությանը։
Աբդոլլահիանը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ և վաղուց են համագործակցում պաշտպանական ոլորտում: «Սակայն ուկրաինական պատերազմի վերաբերյալ մեր դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն է, հակամարտող կողմերին զենք չտրամադրելը, պատերազմը դադարեցնելը և մարդկանց տեղահանմանը վերջ տալը»՝ հայտարարել է Իրանի գլխավոր դիվանագետը:
Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է երկու երկրների ռազմական փորձագետների մասնակցությամբ, առանց միջնորդի տեխնիկական հանդիպումներ անցկացնել: Հեռախոսազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը՝ կարևորելով ԱԹՍ-ների հարցի շուրջ երկու երկրների ռազմատեխնիկական պատվիրակությունների միջև քննարկումները: