Արաքս գետից ավազի ապօրինի արդյունահանման դեպքերը կանխելու համար նոր մեխանիզմներ կներդրվեն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ընդերքի մասին օրենսգրքում լրացումների նախագիծը, որը թույլ կտա փակել օրենքի բացերն ու լուծել ապօրինի արդյունահանման տասնամյակների խնդիրը:
Հովհաննես Հարությունյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Կազմակերպությունները, որոնք ունեն գետաողողատային հատվածում արդյունահանելու իրավունք, չարաշահել են և օգտվել են առիթից, շատ դեպքերում, քանի որ այդ հատվածը շատ մոտ է գետին: Տեխնիկայի միջոցով գետից են հանել և այդպիսով ավելի վնաս են պատճառել, և՛ գետի հունն են վնասել, ինչպես նաև դուրս են եկել իրենց իրավունքի սահմաններից:
Գետից ավազ հանելու պատճառով արհեստականորեն փոխվել է Արաքսի հունը: Մասնագետների խոսքով՝ այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար:
Սեյրան Սուվարյան (աշխարհագրական գիտությունների թեկնածու) - Այդ հատվածի բոլոր ջրային ռեսուրսների, հողային շերտերի կառուցվածքը, բուսական աշխարհն է փոխվում, որն ազդում է ամբողջ միջավայրի վրա: Ավելանում է կողային էրոզիան, քայքայում է ավելի շատ, քան պետք էր: Արդեն գետը դառնում է առավել տղմոտ՝ իր բազմաթիվ հետևանքներով:
Սեյրան Սուվանյանը նշում է՝ շինարարության մեջ օգտագործվող սև ավազը գոյանում է ջրափնյա շրջաններում, ուստի Հայաստանում ավազի այդ տեսակի արդյունահանման վայրերի այլընտրանքները շատ չեն: Տարիներ առաջ ավազի արդյունահանման համար ծառայել է նաև Սևանա լճի ավազանը:
Սեյրան Սուվարյան - Քանի որ մեր լիճն ապրում է ծաղկում, ծաղկած լճի ափերին սև ավազի գոյացման պրոցեսն ավելի դանդաղում է, չկա: Չունենք մենք այլընտրանք, միակ տեղը դա է: Բայց նույն Արարատյան դաշտում, անմիջապես գոնե գետի ափի մոտ չէ, մեծ հեռավորության վրա, կարելի է թույլատրել, այնտեղ տեղեր կան»: Եղել է գայթակղիչ այդ ավազը հանելը, ինքը թաց վիճակում, շատ հեշտ է դա անելը, տեղափոխելը: Դրա համար գնացել են այդ հեշտ ճանապարհով ու վնաս տվել մեր երկրին:
Ներկայացված օրենքի նախագծով պետական մարմինները հնարավորություն կունենան սխալ արդյունահանման դեպքը հայտնաբերելուց հետո տեղում կազմել արձանագրությունն ու պատասխանատվության ենթարկել: Նախկինում խախտումը հայտնաբերել են, բայց այն ապացուցելու հնարավորություն չեն ունեցել:
Հովհաննես Հարությունյան - Տեղեկացնում էին լիազոր մարմնին, լիազոր մարմինը տեղեկացնում էր տեսչական մարմնին, այդ ընթացքում կազմակերպությունն այնպիսի պատկեր էր ստեղծում, որ գետի հունից հանելու ոչ մի փաստ հնարավոր չէր արձանագրել, այդպիսով անընդհատ հնարավոր էր լինում խուսափել պատասխանատվությունից:
Արաքս գետի հարակից տարածքից ավազ արդյունահանելու թույլտվություն ունի շուրջ 10 ընկերություն: Օրենքի ընդունումից հետո, եթե պատկան մարմինը գետի հունից ավազի ապօրինի արդյունահանման արձանագրություն կազմի, ընկերությունը կզրկվի ընդերքօգտագործման իրավունք հայցելու հնարավորությունից:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան