Հաջորդ շաբաթ կմեկնարկի աշնանացան ցորենի ցանքսի գումարների փոխհատուցումը: Դեռևս երեկ Կառավարությունը որոշում կայացրեց աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի համար հատկացնել 2,5 միլիարդ դրամ:
Տարոն Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Արդեն իսկ շուրջ 20 հազար տնտեսվարող ունենք որպես շահառու, որոնց հետ պայմանագրերը կնքվել են:
Ըստ աջակցության ծրագրի՝ Կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին կփոխհատուցի 120 հազար, իսկ ովքեր աշնանացան արել են ոչ հավաստագրված սերմերով, հեկտարի հաշվով կփոխհատուցվեն 70 հազար դրամի չափով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ երկարացվել է նաև աշնանացանի վերջնաժամկետը: Ֆերմերները հնարավորություն ունեն աշնանացան կատարել մինչև նոյեմբերի 15-ը:
Տարոն Մարտիրոսյան - Ներկա պահին արդեն իսկ շուրջ 50 հազար հեկտար ցանք կատարվել է: Ծրագրով ունենք թիրախային ցուցանիշ՝ շուրջ 25 հազար հեկտարով ավելացնել Հայաստանի աշնանացան ցորենի ցանքատարածությունները, կարծում եմ, որ այս ծրագիրը մեծ ազդեցություն կունենա:
Խնդիր է դրված ոչ միայն նախորդ տարվա 50 հազար հեկտար աշնանացանը հասցնել 75 հազարի, այլև, խրախուսելով հավաստագրված սերմեր ցանողներին, նպաստել նաև բերքատվության ավելացմանը, նշում է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման պատասխանատուն:
Մասնագետները հաշվել են՝ փոխհատուցումը բավարար է պարարտանյութի, դիզվառելիքի և սերմեր ձեռք բերելու համար: Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է ցորենի ցանքատարածություններով աչքի ընկնող մարզերում:
Տարոն Մարտիրոսյան - Շիրակի մարզի օրինակը վերցնենք. նախորդ տարի 14 հազար հեկտար ցանք է կատարվել աշնանացան ցորենի, այս տարի արդեն իսկ ունենք 16 հազար 200:
Արդեն իսկ աջակցության ծրագրով ընդհանուր առմամբ 20 հազար հեկտար աշնանացան է արվել: Թիվը կավելանա, քանի որ ֆերմերները դեռ ժամանակ ունեն՝ ասում է Տարոն Մարտիրոսյանը: Փոխհատուցումից առաջ նախ մշտադիտարկում կանեն դաշտերում: Ի դեպ, որոշ տարածքներում, որտեղ ցանքսը կատարվել է աշնան սկզբին, ցորենն արդեն ծլել է: