ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները»,- ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդգծել՝ ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործում հիմնական դեր է վերապահված նաև անցած տարվա նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի` Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ ձևավորված սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների կառուցողական համատեղ աշխատանքին։
Փոխվարչապետն ընդգծել է՝ ըստ պայմանավորվածության` սահմանազատման գործընթացում պետք է հենվել ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, համաձայն որոնց` խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Գրիգորյանը խոսել է այս տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին, նշել՝ հրետակոծվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքը, ներառյալ` բնակելի շենքերը, քաղաքացիական օբյեկտները և ենթակառուցվածքները։
Մհեր Գրիգորյան - Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների թիվն այժմ գերազանցել է 210-ը։ Ստույգ հայտնի է երեք քաղաքացիական անձանց մահվան և երկու անհետ կորած քաղաքացիական անձանց մասին։ Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Անհետ կորած զինվորների թիվը կազմել է 28։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տարհանվել է ավելի քան յոթ ու կես հազար մարդ, մեծամասամբ` կանայք, երեխաներ և ծերեր։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՌԻՍԿԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մհեր Գրիգորյանը խոսել է նաև ադրբեջանական զինծառայողների իրականացրած խոշտանգումների, դաժան սպանությունների, գերեվարվածների մարմնական խեղումների, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինների պղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունների մասին:
Մհեր Գրիգորյան - Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել։ Դրա մասին են վկայում նաև հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները հայկական կողմին վերագրելու փորձերը, որով հող է նախապատրաստվում Հայաստանի դեմ ագրեսիայի նոր փուլի համար։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր:
Ըստ փոխվարչապետի՝ Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր ունի Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքը։ Գրիգորյանն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է, իսկ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:
ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ
Մհեր Գրիգորյան - Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմատիկայի» անընդհատ շահարկումը միայն խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը։ Հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ:
Փոխվարչապետը հիշեցրել է՝ հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։
Մհեր Գրիգորյան - Մենք միշտ առաջարկել ենք և առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը՝ կողմերի ինքնիշխանության և օրենսդրության հարգանքի հիման վրա՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ փոխշահավետ լուծումներ գտնելու միջոցով։
Մհեր Գրիգորյանի պնդմամբ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է, որ ադրբեջանական կողմը չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ: