Խաղաղություն հաստատելու համար պետք է երկու խնդիր լուծենք՝ ի կատար ածենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները և որոշակի հանգրվանի հասցնենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովին:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի տարընթերցումներ չլինելու հանգամանքը:
«Մենք ասել ենք՝ բացառում ենք ՀՀ տարածքով միջանցքի գործարկումը: Սա սկզբունքային և անբեկանելի դիրքորոշում է: Սա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության վրա հիմնված դիրքորոշում է»,- հայտարարեց վարչապետը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը՝ ասաց՝ վերջին ժամանակներում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար, և ՀՀ կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում արևմտյան ծրագիրը:
«Սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ճիշտ է՝ կա ռուսական և արևմտյան ընկալում:
«ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին: Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Սա շատ կարևոր նրբություն է: Եվ մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ:
Այդ պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը 2022 թվականի օգոստոսին: Ընդ որում՝ պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսաստանցի համանախագահողը կվերադառնա՝ մեր վերջնական դիրքորոշումը ստանալու:
Եվ սեպտեմբերին հենց առաջին հանդիպման ժամանակ համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը մի պարզ պատճառով՝ դա մեր պայմանավորվածություն է եղել դեռևս 2021-ի հունվարից: Երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա ասել է նաև նախօրեին ՀԱՊԿ դռնփակ նիստում ՌԴ նախագահի ներկայությամբ:
Վարչապետը հայտնեց՝ Թվիթերում իր գրառման մեջ հույս է հայտնել, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի: Նա կարևոր նրբություն համարեց այն, թե դա անվտանգություն, խաղաղություն բերելո՞ւ է ԼՂ-ին և Հայաստանին, թե՞ ոչ:
«Այո՛, այնտեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին: Մենք ուզո՞ւմ ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը ԼՂ-ում: Իհարկե, ուզում ենք: Երեկ ԼՂ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել: Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով: Ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա: Եթե պետք է, ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը: Եվ եթե մենք ու Ռուսաստանը համաձայնենք, կլինենք մեծամասնություն»,- ասաց վարչապետը:
Ըստ վարչապետի՝ կարևոր է նաև անդրադառնալ հարցին, թե խաղաղապահներն ինչ են անում ԼՂ-ում:
«Որովհետև Փառուխի դեպքերը մենք չենք մոռացել: Ամենաբարձր մակարդակում եղել է պայմանավորվածություն, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այսինքն՝ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, իսկ այդ խոստումը, հանձնառությունը մինչև այժմ չի կատարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: