Նոյեմբերի 5-ին կայանալիք աշնանային համապետական ծառատունկին ընդառաջ այսօր շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքների ամփոփում-քննարկում: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը ներկայացրել են ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Քննարկվել են ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի շարք հարցեր։
Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է. «Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում անտառմշակույթների հիմնադրում տնկման միջոցով կտնկվի շուրջ 130 հա անտառ։
Ընտրված ծառատեսակները՝ սոճի, կաղնի, կեչի, թխկի, հացենի, թեղի, խնձորենի, արջատխիլ»։
Անտառային կոմիտեի նախագահի համոզմամբ՝ 2022 թվականի աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։
Շրջակա միջավայրի նախարարը գործընկերներին խնդրել է առավելագույն հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին կտրամադրվեն տնկիները և համապատասխան պարագաները, կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը»,- գրառման վերջում նշել է Հակոբ Սիմիդյանը: