Վարորդներին հունվարից ԱՊՊԱ-ի փոփոխություն է սպասում։ Ապահովագրականները, որ մինչև հիմա մեքենայի համար բոլորը նույն փողն էին ուզում, սկսելու են իրարից տարբերվող գին առաջարկել։ Համակարգն անցնում է ազատ շուկայական, մրցակցային մոդելի՝ բացատրում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում։
Վաղինակ Եղիազարյան (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն) - Մրցակցությունը արդեն գներով ա լինում, որպեսզի ավելի շատ հաճախորդ ունենա՝ պետք ա ավելի հարմար գներ առաջարկի:
Ըստ բյուրոյի ղեկավարի՝ ԱՊՊԱ-ն ի՞նչ կարժենա՝ տրանսպորտային միջոցի տարիքի ու շարժիչի հզորության հետ՝ որոշիչ է դառնալու այն շահագործողի անհատական վարքագիծը․ բոնուս-մալուսի հաշվարկում՝ ապահովագրականները վթարի մասնակից լինել-չլինելուն զուգահեռ առաջիկայում հաշվի են առնելու նաև վարորդի խախտման ակտերն ու շատ այլ հանգամանքներ։ Առանձնացված ռիսկերի հիման վրա յուրաքանչյուր ընկերություն իր հաշվարկի սխեման-մեխանիզմն է մշակելու։
Վաղինակ Եղիազարյան - Մոդելները հիմա հաստատման, փորձարկման փուլում են: Դա հեշտ բան չի, մի օրում պատրաստելու բան չի, քանի որ կապված ա ծրագրային լուծումների հետ ու՝ բարդ լուծումների:
Ծրագրային իրենց նոր մոդելը մշակել և կարգապահ վարորդներին բարեփոխումից չլարվելու կոչ են անում «Ինգո»-ում։
Արևշատ Մելիքսեթյան («Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ) - Ազատականացում չի նշանակում միայն գնի թանկացում, նշանակում է նաև գնի նվազում որոշ սեգմենտի համար։ Մենք որ կատարել ենք սիմուլացիա մեր պորտֆելի հիման վրա, տեսնում ենք, որ 10-15 տոկոս վարորդների համար գինն իջնելու է, մոտ 30 տոկոսի համար գինը չի փոխվի, նու, շատ պուճուր՝ 1-2 տոկոս, ևս մոտ 55 տոկոս վարորդների համար մինչև 30-40 տոկոս կարող է բարձրանալ գինը։
Ապահովագրական այս գրասենյակում ԱՊՊԱ-ն Էժանացնող գործոն կդիտարկեն մեքենան մարզում՝ վթարի բարձր ռիսկայնություն ունեցող մայրաքաղաքից դուրս շահագործելը։ Բայց մարզից կախված՝ հնարավոր է տարբեր գին լինի նույն պարամետրով ավտոյի համար։ Տարբերակելու են նաև վթար ունեցողներին․ մինչև 200 հազարանոց հատուցումների Մալուսը անհամեմատ քիչ կլինի, քան ապահովագրականի համար միլիոնների ծախս առաջացրած վարորդինը: Այդպես գնային սանդղակը շատ ավելի արդար կստացվի՝ վստահեցնում է ընկերության տնօրենը։
Արևշատ Մելիքսեթյան - 23 կատեգորիա ա տրվելու վարորդներին, օրինակ՝ առաջին կատեգորիայինը լինելու է 15 հազար դրամ, վերջինը՝ 86500 դրամ:
ԱՊՊԱ-ի համար նկատելի բարձր կվճարեն ղեկին խիստ ռիսկային վարք ունեցող, երթևեկությունում վտանգ ներկայացնող մեքենայատերերը։ Համակարգն առանձնացնելու է շատ խախտումներ ու տուգանքի ակտեր ունեցողներին։ Այդ ուղղությամբ ապահովագրականները դեռ բանակցում են Ճանապարհային ոստիկանության հետ, որ տեսնեն վիճակագրությունը, բայց կոնկրետ այս ընկերությունում արդեն որոշել են, թե հաշվարկների վրա ո՛ր կոպիտ խախտումները կազդեն։
Արևշատ Մելիքսեթյան - Օրինակ՝ կարմիր լույսի խախտում, հոծ գծի խախտում, հետադարձ, շրջադարձ չնախատեսված վայրում, արագության գերազանցում 50 տոկոս և ավելի, խմածություն՝ էլի ինչ-որ պրոմիլեից ավելի:
Վիճակագրությունը փաստում է․ սեպտեմբերի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունի արդեն 595 հազար տրանսպորտային միջոց, մեքենաների թիվը անցած տարվանից 35 հազարով շատացել է, մեծ մասը՝ Երևանի ծանրաբեռնվածությունն է ավելացրել։ Հունվարից-հոկտեմբեր երկրում գրանցվել է 58067 վթար, որի դիմաց համակարգն ընդհանուր վճարել է 11 մլրդ 337 մլն 281 հազար դրամի փոխհատուցում։ Վթարների պատճառի մասին ասում են՝ խայտառակ պատկեր է․ 90 տոկոսը՝ ղեկին անուշադրության հետևանք։
Արևշատ Մելիքսեթյան - Եթե դուք նայեք՝ մեր վարորդներն ինչո՛վ են զբաղվում քշելու ժամանակ՝ հեռախոսների մեջ են, ոչ թե խոսում են, այլ գրագրությունն ա: Պետք ա խստացնել դա, ու շատ բան կփոխվի:
ԱՊՊԱ-ի այս բարեփոխումը պետք է ուժի մեջ մտնի հունվարից։ Տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն, չի բացառվում ժամանակացույցից շեղվեն՝ արձանագրում են բյուրոյում։
Վաղինակ Եղիազարյան - Հնարավոր ա չմտնի տարեսկզբից, եթե էդ պրոցեսները չհասցնենք իրականացնել կամ, ավելի ճիշտ՝ իրենք ապահովագրական ընկերությունները:
Ապահովագրականները երկու ամիս ունեն՝ ԱՊՊԱ-ի իրենց նոր մոդելները մեքենայատերերին ներկայացնելու համար: