ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:
«Ռուսաստանը հանդես է եկել և հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որպեսզի երկու պետությունները մոտենան խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է նա:
Մատվիենկոն հիշեցրել է, որ հոկտեմբերի 27-ին Վալդայի համաժողովի ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: «Այդ որոշումը կայացնելիս, իհարկե, պետք է հաշվի առնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերը»,- հավելել է Մատվիենկոն:
Դաշնության խորհրդի նախագահի համոզմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է լուծեն նաև սահմանի սահմանազատման հարցը: Նա նշել է, որ այդ նպատակով կօգտագործվի նաև խորհրդարանական գործակցության ձևաչափը։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի փոխվարչապետ, տարածաշրջանի ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, թե իբր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Բաքուն, կապ չունի արտատարածքայնության սկզբունքի հետ:
«Տրանսպորտային միջանցքը երթուղի է, որը անցնում է երկրների տարածքով, որոնք համաձայնեցված տրանսպորտային, մաքսային և այլ քաղաքականություն են վարում, նպատակն է՝ կրճատել բեռնափոխադրումների ծախսն ու ժամանակը»,- նշել է նա՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը:
Մուստաֆաևը հավելել է՝ կարևոր է համաձայնեցնել, թե ինչ ռեժիմներով են իրականացվելու միջազգային տարանցիկ բեռնափոխադրումները, ինչպես նաև պայմանավորվել ներքին փոխադրումների համար պարզեցված ռեժիմներ սահմանելու շուրջ` պարիտետային սկզբունքով:
Ավելի վաղ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահը, հայտարարել էին, որ Սյունիքով անցնող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը:
ԿԱՊԱՆՈՒՄ ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆԻ ՀԵՏ
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը հանդիպել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են իրանական բեռնատարների երթևեկությունը դյուրացնելու, իրանցիների հյուպատոսական խնդիրները վերացնելու, հայ-իրանական առևտրատնտեսական, մշակութային գործակցությունը զարգացնելու հետ կապված մի շարք հարցեր:
Աբդոլլահիանը կարևորել է հարևանների հետ հարաբերությունները և տարբեր ոլորտներում դրանք ակտիվացնելու հրահանգներ է տվել: